Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ նպատակներ ունեն 4 ոչ իշխանական կուսակցությունները

Մարտ 14,2014 14:58

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի եթերում թեման քննարկում են
քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Արամ Աբրահամյան.- Մենք կարո՞ղ ենք ասել, որ վերջերս կայացած ԲՀԿ-ՀՅԴ եւ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումները եւ սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը պատմական էին:
Երվանդ Բոզոյան.- Ամեն մարդ իր գնահատականը ունի, կարելի է պատմական համարել, կարելի է` ոչ: Բայց կարեւորը պրոցեսն է, իսկ պրոցեսը բերում է նրան, որ վերջապես Հայաստանի քաղաքական դաշտում գնում է կոնսոլիդացված գործընթաց, որը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում ձեւավորվի մեկ միասնական բեւեռ, որը կկարողանա արդեն այնպիսի հարցադրումներ անել հասարակության անունից, որը մինչ այսօր չի ստացվում: Մենք գիտենք, որ Հայաստանում, ցավոք սրտի, դասական իմաստով դեմոկրատական համակարգը չի աշխատում, որովհետեւ ընտրական համակարգը թերի է աշխատել վերջին 20 տարիների ընթացքում, այդ ինստիտուտը չի կայացել, եւ ժողովուրդը, կոպիտ ասած, անտեր է մնացել: Այսինքն՝ հասարակական պահանջներն ու պրոբլեմները փաստորեն չեն կարողանում քաղաքական կուսակցությունների միջոցով հասցվել, որովհետեւ եթե ընտրական ինստիտուտը չի աշխատում, կուսակցությունները փաստորեն չեն կարողանում լիարժեքորեն իրենց դերը կատարել, արդյունքում իշխանությունը գնում է այլասերման ճանապարհով: Շատ հասկանալի է՝ եթե ինքը չունի կոնկուրենտ, ապա ինքը այլասերվում է:

Ա. Ա.– Մենք ունենք դաշինքների փորձ, ես հիշում եմ 1990-ականներին ՀՀՇ-ի օրոք կար Ազգային համաձայնության դաշինք, հետո կար Արդարություն դաշինք, ի վերջո ՀԱԿ-ն էլ էր դաշինք, բայց այդ դաշինքները կարծես թե հետո չեն արդարացրել: Սա այդպիսի՞ դաշինք է, թե՞ ոչ:

Կարեն Քոչարյան.– Ժամանակը ցույց կտա, ես չեմ կարող ասել: Սա նորմալ քաղաքական պրոցես է, որ կուսակցությունները հանդիպում են, ես ասել եմ, որ դա նորմալ պրոցես է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում: Դեռ դաշինք չի կազմվել, դեռ ընդամենը կոնսուլտացիաներ են, հանդիպումներ են, ինչը լրիվ նորմալ քաղաքական պրոցես է ինձ համար: Ինչ կլինի՝ չեմ կարող ասել, կլինի՞ դաշինք, լինելուց հետո կհասնի՞ ինչ-որ արդյունքի՝ դա ժամանակը ցույց կտա:

Ա. Ա.- Մի հարց ունեմ ֆորմատների վերաբերյալ: Փաստորեն այդ պրոցեսի մասնակիցները, գրեթե բոլորը Ազգային ժողովի պատգամավորներ են, անհրաժեշտություն կա՞ պատվիրակություն կազմելու, ԲՀԿ-ի հետ գնալ-հանդիպելու: Չէ՞ որ նրանք պատգամավորներ են եւ կարող են աշխատանքային ռեժիմով այդ ամենը քննարկել միշտ:

Ե. Բ.- Խնդիրն այն է, որ փաստացի այդ հանդիպումները ամենաբարձր մակարդակով փորձում են մեսիջ ուղարկել հասարակությանը, որ այդ վերնախավի հանդիպումները պետք է անցնեն ներքեւ, եւ ներքեւի մակարդակով, այսպես ասած, փոխլրացվեն իրենց հարաբերությունները: Ես մի կարեւոր էլեմենտ էլ կարող եմ նշել, որովհետեւ տեսակետ կա, որ տարբեր գաղափարական հոսանքներով կուսակցությունները ո՞նց կարող են իրար հետ համագործակցել՝ նույն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն: Հարցադրումն ինքնին ճիշտ է. եթե Հայաստանում աշխատեր ընտրական համակարգը, կուսակցությունները դասական կուսակցություններ լինեին, ապա անտրամաբանական կլիներ, որ տարբեր հակադիր բեւեռ ունեցող կուսակցությունները գաղափարական դաշինքներ կազմեին: Բայց երբ այդպիսի համակարգ չկա, ապա, ըստ էության, կկոնսոլիդացվեն ուժեր, որոնք կփորձեն այդ համակարգը հիմնադրել, որովհետեւ արդեն բոլորին շահավետ է, որ այդ համակարգը լինի:

Ա. Ա.- Դուք համաձա՞յն եք, որ Հայաստանի այսօրվա ամենակարեւոր խնդիրը բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն է, եւ ինչպե՞ս եք այն պատկերացնում:

Կ. Ք.- Ինձ համար Հայաստանի այսօրվա խնդիրները այնքան շատ են, Հայաստանին դեռ պետք է հանել այս վիճակից, խոսքը սոցիալ-տնտեսական վիճակի մասին է, որի մեջ այս պահին գտնվում է Հայաստանը, որի հետեւանքով նաեւ գալիս է ինձ համար ամենացավոտ խնդիրը` արտագաղթը: Սա պետք է առաջին հերթին կանգնեցնել ամեն գնով: Այստեղ մի խնդիր կա` Հայաստանում չկա ընդհանրապես քաղաքական գաղափարախոսություն, վաղուց իսպառ փոշիացել է, ոչ մի բեւեռում ես չեմ տեսնում այդ գաղափարախոսությունը, չկա գաղափարախոսության հիմքի վրա հիմնված կուսակցություն, քաղաքական ուժ:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31