Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ 2-4-րդ դասարանների աշակերտների համար նախատեսված «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի, ծրագրի և դրա չափորոշիչի շուրջ: «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը մտահոգություն էր հայտնել, որ այս առարկայի չափորոշիչ ծրագրի հիմքում գենդերի խորացված ուսումնասիրությունն է:
Բարձրացված աղմուկի առիթով չուշացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը՝ համաձայն որի՝ ծրագրային չափորոշիչում որոշ խմբագրումներ կատարվեցին:
Նախկին չափորոշիչով սահմանված էր. «Աշակերտը պետք է հասկանա հասարակության ստեղծած որոշ սեռային կարծրատիպերի պայմանական լինելը, օրինակներ բերի»: Նախարարի հրամանով այն խմբագրվել է այսպես. «Կարողանա բացատրել տղաների և աղջիկների դերերը շրջապատում, նրանց զբաղմունքների և նախասիրությունների տարբերությունները»:
Կամ չափորոշիչով սահմանված էր, որ «Աշակերտը պետք է պատկերացում ունենա մարդկանց լեզվական, մշակութային, էթնիկ, տարիքային, սեռային և այլ տարբերությունների ու դրանցով պայմանավորված ընկալումների բազմազանության մասին»: Նախարարի հրամանով խմբագրվել է «սեռային և այլ տարբերությունների ու դրանցով պայմանավորված ընկալումների բազմազանության մասին» հատվածը:
Նշենք, որ նույն չափորոշիչի հիման վրա երկու այլընտրանքային դասագրքեր են գրվել, որոնցով ընտրողաբար դասավանդում են ՀՀ հանրակրթական դպրոցներում:
Կարդացեք նաև
Aravot.am-ը զրուցեց դասագրքերի հեղինակների հետ՝ պարզելու իրո՞ք Խաչիկ Ստամբոլցյանի մտահոգությունները տեղին են:
Դասագրքերից մեկի համահեղինակ Լուսինե Ալեքսանյանը Ստամբոլցյանի հայտարարությունները զրպարտություն անվանեց ու ասաց. «Չափորոշիչում գրվածի և այդ հայտարարությունների մեջ ոչ մի նմանություն չկա: Նա երեք նախադասություն է ասում, բայց դրանցից որևէ մեկը չկա ոչ չափորոշիչում, ոչ էլ դասագրքում»:
Տիկին Ալեքսանյանն ի հակադրումն Ստամբոլցյանի՝ նշեց, թե այդ դասագրքերը նոր չեն մտնելու դպրոց, այլ 2006-ից դրանցով են դասավանդում, և ոչ մի բողոք ուսուցիչների կողմից չի եղել:
Նույն հեղինակային խմբի ներկայացուցիչ Նունե Թորոսյանը կարծում է, որ այս աղմուկը բարձրացվել է հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից շեղելու համար: Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե «մարզերը դատարկվում են, աշակերտ չի մնում, դրա մասին մտածեք»: Մեր հարցին՝ այդ դեպքում ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել այս աղմուկը, տիկին Թորոսյանը պատասխանեց. «Ի՞նչը կարող էր հիմք լինել, որ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարեց, թե սոցքարտերից հետո մարդկանց մաշկի տակ կարող է չիփ կարեն: Հիմա էլ աղմուկ են առաջացրել, չգիտես ի՞նչն է նպատակը, ո՞ւր են տանում»:
Մեր հարցին՝ «սեռային տարբերությունների» հատվածը սրբագրելուց հետո գուցե ընկնենք մեկ ա՞յլ ծայրահեղության մեջ, տիկին Թորոսյանն այսպես արձագանքեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունն այսօր ներառում է նաև փոքրամասնությունների իրավունքները: Արդյոք դա նշանակում է վախենալ նաև մարդու իրավունքներ տերմինի օգտագործումի՞ց»:
Մյուս դասագրքի համահեղինակ Արմեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ 1996-ին, երբ մշակվել է չափորոշիչը այն ընդհանրապես որևէ տարակարծություն չի առաջացրել, տարընկալումներ ևս չեն եղել: Ավելին, դասագրքերը փորձաքննություն են անցել դպրոց-կենտրոններում: Նա նաև տեղեկացրեց, որ դասագրքին և չափորոշիչներին ծանոթացել են նաև «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում» և որևէ մտահոգիչ հարց չեն նկատել: Այնուհետև հավաստիացրեց. «Այն ամենը, ինչ արտացոլված է դասագրքում, բնական վիճակ է, այն, ինչ մեր սոցիումիում ընդունված է և հայ ավանդական համակարգի շրջանակներից դուրս չի գալիս»:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նկատել էր, թե նմանատիպ կրթական և այլ ծրագրերով հող են նախապատրաստում գենդերային օրենքի համար:
Այս առիթով դասագրքի համահեղինակ Առաքել Գյուլբուդաղյանը նկատեց, թե «Գուցե հարգելի հոգևորականը խորամուխ չի եղել, քանի որ հենց իրենք էլ արձանագրեցին, որ այս պարագայում նման խնդիր չկա»: Նա հորդորեց յուրաքանչյուրին թերթել դասագրքերը ու տեսնել արդյոք այնտեղ նման վտանգներ կան և արդյոք կցանկանային, որ իրենց երեխան այդ դասագրքով սովորեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ