Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԻՑ ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

Մարտ 14,2014 10:21

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունչորսերորդ

ԴԱՍԻՑ ՓԱԽՉՈՂՆԵՐԸ

Եվ Հայկունին ժպտալով  Անանիային ասաց՝ «Նոբելյան մրցանակի  ապագա լաուրեատի հետ էդ ի՞նչ տոնով ես խոսում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «Ջավախյանը մինչեւ բարոյական խնդիրների վրա ուշադրություն չդարձնի, Նոբելյան մրցանակի չի արժանանա», եւ Հայկունին ժպտալով Անանիային հարցրեց՝ «այսինքն, ի՞նչ պիտի անի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, պիտի ազնիվ ու անկեղծ գրի», եւ Արիկը փռթկացնելով Անանիային հարցրեց՝ «չգիտե՞ս, որ «Ամենաանկեղծ մարդը» գրքի հեղինակը Ջավախյանն ա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «անկեղծությունը վերնագրով չի որոշվում», եւ Արիկն Անանիային հարցրեց՝ «բա ինչո՞վ ա որոշվում», եւ Անանիան մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «ինքը որ ազնվորեն ու անկեղծորեն իրա  մասին գրի, մեկից մեկ էդ Նոբելյան մրցանակը կստանա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ պիտի գրեմ, ադա»,  եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «պիտի գրես՝ ոնց ես էդ արծաթե զարդերը մեկից հազար դրամով առնում ու ընդամենը մի քանի րոպե անց տասը հազարով նաղդում մի ուրիշի վրա», եւ Ջավախյանը տհաճությամբ նայեց Անանիային ու հարցրեց՝ «էդ շառ անե՞լը երբանից ես սովորել, ադա», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «աչքիս տեսածն եմ ասում», եւ Ջավախյանն  արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «աչքերդ ստուգել տուր», եւ Անանիան քմծիծաղով ասաց՝ «աչքերիս վիճակը  շատ լավ ա», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «շնորհքի հարց ա», եւ Անանիան զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա  շնորհքի հարց», եւ Հայկունին ժպտալով Անանիային ասաց՝ «որ հազար դրամով առածը կարում ա տասը հազարով ծախի», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ ասում ենք, որ ինքը առեւտրի գծով հանճար ա», եւ Հայկունին խորամանկ ժպտալով Անանիային հարցրեց՝ «այսինքն, գրականության գծով հանճար չի՞», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իրա էդ առեւտրական խաղերի մասին անկեղծորեն գրի, գրականության գծով էլ կարող ա հանճար ըլնի» եւ մի քիչ էլ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարող ա նույնիսկ Նոբելյան մրցանակ էլ ստանա», եւ Բարդուղը զարմացած նայեց Անանիային ու հարցրեց՝ «ուզում ես ասես՝ էդ Նոբելյան մրցանակն ազնիվ ու անկեղծ գրողներին ե՞ն տալիս», եւ Անանիան զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «բա ո՞ւմ են տալիս», եւ Բարդուղը մի  քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ում որ պետք ա՝ նրան էլ տալիս են», եւ Անանիան Բարդուղին հարցրեց՝ «ո՞վ ա տալիս», եւ Արիկը Բարդուղի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «աշխարհի հզորները», եւ Անանիան Բարդուղին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մոտավորապես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «Ջավախյանին կտա՞ն», եւ  Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «դու քո մասին մտածի, ադա», եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «որ Ջավախյանն իրան խելոք պահի, կարող ա տան», եւ Ջավախյանը ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «այսինքն, ո՞նց խելոք պահեմ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իրանց դեմ ոչ մի բան չգրես, կարող ա քեզ էլ էդ Նոբելյանից տան», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ո՞ւմ դեմ չգրեմ», եւ Արիկը Բարդուղի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «աշխարհի հզորների», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ես աշխարհի հզորների մասին ի՞նչ գիտեմ, որ իրանց դեմ գրեմ կամ չգրեմ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «վատն էն չի, որ իրանց մասին չգիտես» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «վատն էն ա, որ չես էլ ուզում իմանաս», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով Բարդուղին ասաց՝ «որ չես ասում՝ ո՞նց իմանամ», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «մեռա ասելով» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած  ավելացրեց՝ «որ չեք հասկանում, ես ի՞նչ մեղք ունեմ», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով Բարդուղին ասաց՝ «մի հետ էլ ասա, կարող ա էս անգամ հասկանանք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօր էդ օրը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էսօր խմելու ու ուրախանալու օր ա», եւ Օրթախ Աբոն ծիծաղելով ասաց՝ «Բարդուղը շատ ա սիրում աշխարհի հզորների մասին դասախոսություններ կարդալ, բայց՝ ոչ խմելու հաշվին», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «խմելով էլ կարելի ա դասախոսություն կարդալ, բայց ոչ էս ազիզ օրով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էկեք էս ազիզ օրը չփչացնենք», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Բարդուղին  հարցրեց՝ «որ աշխարհի հզորների մասին խոսանք, օրը կփչանա՞», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարաս չկասկածես», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «այսինքն, դու մեր սաղ օրերը փչացնո՞ւմ ես», եւ Բարդուղը մի  քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ամսվա մեջ հազիվ մի անգամ եմ կաֆե գալիս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «ամսվա մեջ էդ մի անգամը գալիս ես, որ էդ օրը փչացնե՞ս», եւ Արիկը փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «ավելի լավ ա Բարդուղը մեր էդ մի օրը փչացնի, քան թե՝ իրանք մեր սաղ կյանքը փչացնեն», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով Արիկին հարցրեց՝ «ո՞վ պիտի մեր սաղ կյանքը փչացնի», եւ Արիկն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «աշխարհի հզորները», եւ Բարդուղը հիացմունքով նայեց Արիկին ու ասաց՝ «ասածներս ամենից լավ Արիկն ա հասկացել», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «որովհետեւ Արիկը քո ոչ մի դասախոսություն բաց չի թողել», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով ասաց՝ «մենք մինումեջ դասից փախչում ենք», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դասերից փախնում ես, դրա համար էլ էդ հասարակ բաները չես հասկանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես չգիտեմ թե՝ Բարդուղը որ օրերն ա բարեհաճելու կաֆե գա, որ էդ օրերին չբացակայեմ», եւ Արիկը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ինքը համարյա միշտ շաբաթ կամ կիրակի օրերն ա գալիս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թարսի պես՝ շաբաթն ու կիրակին իմ Վերնիսաժի օրերն են», եւ Արիկը Ջավախյանին հարցրեց՝ «Վերնիսաժից հետո չես կարա՞ գաս», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Վերնիսաժից հետո հոգնած եմ ըլնում», եւ Հայկունին փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «ուրեմն՝ ըտենց անգրագետ էլ    մնա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինձ ըսենց ձեռ ա տալի» եւ մի քիչ էլ  մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «որ աշխարհի հզորների մասին շատ բան իմանամ, պիտի առավոտից իրիկուն մեր Բարդուղի պես սարսափոտեմ», եւ Բարդուղն արհամարհական  նայեց Ջավախյանին ու ասաց՝ «ես ձեր համար եմ սարսափոտում, ոչ թե՝ իմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իմ համար կարաս չսարսափոտես, Բարդուղ ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էդ զադերից առանձնապես վախ չունեմ», եւ Բարդուղը Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր զադերից», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ ասածդ հզորներից», եւ Արիկը վրդովված ասաց՝ «կարող ա՞ էս ազիզ օրն էդ զադերին նվիրենք», եւ Ջավախյանն Արիկին ասաց՝ «դու ես մի գլուխ խոսակցությունն էդ զադերի կողմը շուռ տալի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31