Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ օլիգարխները էդքան թափ ունե՞ն, որ վարչապետ նշանակեն ու հանեն». քաղաքագետ

Մարտ 13,2014 23:30

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Հայաստանից բացի ո՞ր երկրներում է, որտեղ օլիգարխներին ազգային հերոսներ են դարձնում, պատվավոր ազատամարտիկներ մկրտում: Ի պատասխան մեր հարցի, Գագիկ Համբարյանը մատնանշեց Ուկրաինան: «Ուկրաինայում է այդպես, տեսնո՞ւմ եք` ով եկավ իշխանության և ում են նշանակում պաշտոնների. Ուկրաինայում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական և օլիգարխիկ հեղաշրջում, այսինքն` խոշոր տերությունները համապատասխանեցրեցին իրենց շահերը տեղի օլիգարխների հետ և կազմակերպեցին պետական հեղաշրջում: Ո՞ւմ են հիմա նշանակում` Դոնեցկի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Լուգանսկի նահանգապետ, ամենահարուստ ուկրաինացի օլիգարխներին, որոնց գլխին կանգնած է ազգությամբ թաթար Ռինատ Ահմեդովը: Սա աշխարհաքաղաքական-օլիգարխիկ հեղաշրջում էր, որտեղ համընկան շահերը արևմտաեվրոպական պետությունների, ԱՄՆ-ի և տեղի օլիգարխների: Հիմա Ուկրաինայում տեղ է ունենալու սեփականության վերաբաշխում»,- ասաց քաղաքագետը:

Մեր այն հարցին էլ, թե Գագիկ Համբարյանի կարծիքով Հայաստանում որևէ օլիգարխ ռիսկ կանե՞ր նույն ձևով դուրս գալ նախագահի դեմ` իշխանափոխություն անելով, վերջինս ասաց. «Գիտե՞ք ինչ, մեր երկիրը փոքր է, շուկան շատ փոքր է և այդ օլիգարխների նկատմամբ վերահսկելիությունը իշխանությունների կողմից շատ ուժեղ է: Մենք տեսանք քիչ, թե շատ անկախ մի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը փորձ կատարեց 2008 թվականին միանալ ընդդիմությանը: Դրա հետևանքները շատ լավ բոլորը գիտեն, ի՞նչ տեղի ունեցավ Սուքիասյանների ընտանիքի հետ ունեցվածքի առումով:

Այնպես, որ մեզ մոտ մի քիչ բարդ է, Ուկրաինան ավելի մեծ երկիր է, ու 2,5-3 միլիոնանոց Հայաստանը չի կարելի համեմատել 45 միլիոնանոց երկրի հետ: Այնտեղ վերահսկելիությունը օլիգարխների նկատմամբ բավական թույլ է: Բացի դրանից, չպիտի մոռանանք, որ նույն Ռինատ Ահմեդովը այն անձն էր, ով իր ցանկությամբ վարչապետ էր նշանակում, վարչապետ էր հանում: Ուկրաինայում այդ մակարդակի էր հասած: Նույնը ժամանակին ցանկացան անել Պուտինի հետ, Պուտինը ինչպե՞ս եկավ իշխանության. նա եկավ իշխանության նույն օլիգարխների թիկունքին` Խոդորկովսկի, Բերեզովսկի, Սմոլենսկի, Գուսինսկի…

Ո՞ւր են նրանք, չկան, որովհետև Պուտինը թույլ չտվեց նրանց նստել իր վզին: Սմոլենսկին և Գուսինսկին փախան Ռուսաստանից, Խոդորկովսկին պատժվեց և մի քանի տարի անցկացրեց բանտերում, Բերեզովսկին ինքնասպան եղավ Լոնդոնում, աքսորում, որովհետև Պուտինը շատ լավ հասկացավ, որ եթե ինքը գալիս է իշխանության նրանց ուսերին, ուրեմն ինքը նրանց խամաճիկը պետք է դառնա: Այսինքն` դա թույլ չտվեց, հաշվեհարդար տեսավ այն մասսայի հետ, ով ուզում էր իրեն վերահսկել: Իսկ այդ նույնը տեղի չունեցավ Ուկրաինայում, Ռինատ Ահմեդովը, իր սերտ կապերը օգտագործելով, ժամանակին վարչապետ նշանակեց Յուլիա Տիմոշենկոյին»:

Մեր այն հարցին էլ, թե հայ օլիգարխները նստած չե՞ն Սերժ Սարգսյանի վզին, քաղաքագետն ասաց, որ Հայաստանում լրիվ ուրիշ քաղաքականություն է տարվում. օլիգարխները թեև նստած չեն նախագահի վզին, սակայն նրա հետ կիսվում են և ընտրությունների ժամանակ ծառայություններ մատուցում: «Եթե ոմն մեկը ստանում է մենաշնորհ որևիցե ոլորտի վերահսկողության համար, ապա դա անվճար չէ, այստեղից էլ բոլոր հետևությունները…Չեմ ուզում մանրամասնել, եթե ես տալիս եմ մենաշնորհ ցորենի կամ շաքարավազի ներկրման, ուրեմն դուք արդեն գիտեք ես ինչի եմ տալիս: Հայաստանում սա է` վերահսկելի օլիգարխիա:

Եվ միակ մարդը, որին 100 տոկոսով չեն վերահսկում, երևի թե, Գագիկ Ծառուկյանն է: Իհարկե, նա էլ է վերահսկելի, նրան էլ չի կարելի անվանել անվերահսկելի կամ լիովին անկախ, կիսով չափ վերահսկելի է: Իսկ մեր օլիգարխների աքիլլեսյան գարշապարը այն է, որ նրանց սեփականության, գումար աշխատելու միջոցների մեծ մասը Հայաստանում է գտնվում: Տեսեք Ծառուկյանին ուզում են համեմատել Բիձինա Իվանիշվիլիի հետ: Ոչ, երկու խոշոր տարբերություն կա. Իվանիշվիլին իր կապիտալը կուտակել էր արտասահմանում և ինչքան էլ Սահակաշվիլին փորձեր կատարեց ֆինանսական ճիպոտի քաղաքականությունը կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ, ահռելի տույժեր էին սահմանվում նրա նկատմամբ, սակայն դա բացարձակապես նրա վրա չազդեց, որովհետև նրա կապիտալի 90 տոկոսը գտնվում էր Վրաստանից դուրս` Ռուսաստան, Ֆրանսիա և այլ եվրոպական երկրներ:

Իհարկե, Ծառուկյանն էլ դրսում բիզնեսներ ունի, Ռիգայում հյուրանոցի տեր է, Բուլղարիայում հանքային ջրերի գործարանի տեր է և մի քանի այլ տեղերում ևս բիզնեսներ ունի, բայց դրանք այն չեն, որ ինքը կարողանա անկախ զգալ Հայաստանում: Եվ հետո Ծառուկյանը եղել է իշխանության մեջ, հիմա ԲՀԿ-ն հենց քննադատական մոտիվացիաներով ելույթ է ունենում ԱԺ-ում, նույն Հանրապետական կուսակցության պատգամավորները հիշեցնում են ԲՀԿ-ի անցյալը: Իսկ Իվանիշվիլին էդ խնդիրը չուներ, Իվանիշվիլին կոպիտ ասած կեղտոտված չէր` իշխանության մեջ գտնվելով»,_ ասում է քաղաքագետը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31