Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք եվրոպացիներին վերջնականապես և ցավոք խրտնեցրեցինք». Թաթուլ Հակոբյան

Մարտ 13,2014 19:27

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Սիվիլիթաս»-ի լրագրող և փորձագետ Թաթուլ Հակոբյանը, ներկայացնելով այս հիմնադրամի  տարեկան զեկույցը, որը կոչվում է «Հայաստան 2013. Ակնկալիքների և անակնկալների տարի», ասաց, որ իրենք երկրին առնչվող կարևոր հարցերը բարձրացնելուց զատ, լուծումներ են մատնանշում: Նա կոնկրետ օրինակ բերեց, թե ինչպես Սերժ Սարգսյանին անցած տարի առաջարկել են վերջ տալ երկդիմի քաղաքականությանը ու կողմնորոշվել, թե ուր է գնում Հայաստանը:

«Օրինակ` անցած տարվա մեր առաջարկած լուծումներից մեկն այն էր, որ Սերժ Սարգսյանը պետք է հստակություն մտցնի. կամ պետք է ռուսներին ասի, որ Մաքսային միությանն է միանում կամ պետք է եվրոպացիներին ասի, որ սա մեր հարցը չէ կամ մեր լուծելու հարցը չէ, մենք չենք կարող ընդդեմ ռուսների գնալ և երկու լարերի վրա չխաղալ, երկդիմի քաղաքականությանը վերջ տալ, որովհետև դրանից Հայաստանի հանրապետությունը շատ է տուժելու է, և էդպես էլ եղավ: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ այն, ինչ-որ մենք կանխատեսում էինք:

Մեր պատկերացրած լուծումների հետ կապված մի օրինակ բերեմ, թե ինչ ենք առաջարկում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ կապված, որովհետև դա օրվա հրատապ թեմաներից է, թեև մենք եվրոպացիներին վերջնականապես և, ցավոք, խրտնեցրեցինք և մի բան չխոստացանք ու չարեցինք: Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր քաղաքականությունը Եվրամիության նկատմամբ: Հաշվի առնելով, որ Մաքսային միության անդամակցությունը շատ արագ է ընթանալու` Հայաստանը սկզբիցևեթ պետք է նախաձեռնություն դրսևորի և վերսկսի բանակցությունները Եվրոպական միության հետ` փորձելով վերականգնել վստահությունը, ինչպես նաև հիմնվելով Ասոցացման համաձայնագրի բարեփոխումներին վերաբերող փաթեթի հատվածի վրա` իր առաջարկները ներկայացնի Եվրոպական միությանը»:

Լրագրողների այն հարցին էլ, թե իշխանությունները հաշվի նստո՞ւմ են իրենց զեկույցների հետ, Թաթուլ Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ բան ասել, եթե ես ասեմ, որ այս զեկույցները իշխանությունները էսպես վերցնում, կարդում, ասում են `վայ, էս ինչ հետաքրքիր բան է, դա, իհարկե, չափազանցություն կլինի: Բայց եթե ասեմ, լրիվ անտեսում են, դա էլ չափազանցություն կլինի: Հավանաբար, շրջանակներ կան, որոնք կարդում են: Ես կարող եմ ասել, որ մեր զեկույցները, քանի որ լավ անգլերենով են գրվում, ոչ թե Հայաստանի անգլերենով, շատ մեծ պահանջարկ են ունենում Հայաստանի դիվանագիտական շրջանակների համար, ինչպես նաև դրսի ուղեղային կենտրոնների համար, նրանք միշտ պահանջում են մեր զեկույցները: Ինչպես զեկույցները, այնպես էլ օրաթերթերը, ես միշտ ասում եմ դրանք կարևոր են էսօր և 50 տարի հետո: 50 տարի հետո սրանք իրենց արժեքը կպաշտպանեն, կունենան իրենց արժեքը` որպես կարևոր աղբյուր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    և չկա մեկը, որ ասի,
    -այ Թաթուլ, … այ /Ազգի/ նախկին բազմաչարչար մարտիկ… բա էտ ինչու՞ եք ձեր զեկույցները գրում “լավ անգլերենով”: Էտ ու՞ համար եք գրում… ցեեռուի՞ համար:, թե՞ սորոսի համար:
    Ու ով՞ ա դա գրում, էտ “լավ անգլերենով”: ամերիկյան գաղտնի աշխատողը՞

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31