Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, այսօր կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ 1984թ. ծնված Դավիթ Վարդանյանի դատաքննությունը:
Դատական նիստին ներկայացավ միայն մեկ վկա, ոստիկանության աշխատակից Զորիկ Վարդանյանը, ով 2013թ-ի հոկտեմբերին իրականացրած օպերատիվ հետախուզության արդյունքում բերման էր ենթարկել Դավիթ Վարդանյանին: Վկայի խոսքով` բերման ենթարկած Դավիթ Վարդանյանին Կապանում ոստիկանության բաժնում բանավոր ծանուցել են իր իրավունքների մասին, տեղեկացրել, որ իրավունք ունի պաշտպանի ծառայություններից օգտվելու, սակայն վերջինս հրաժարվել է: Իսկ ամբաստանյալի պաշտպան Վահան Հայրապետյանն էլ պնդեց, որ 26 ժամ շարունակ իր պաշտպանյալին չեն թույլատրել դիմել պաշտպանի օգնությանը, նույնիսկ զանգ կատարելու իրավունքից են զրկել, ինչը ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: «Դավիթ Վարդանյանին բացատրվել է իր իրավունքները, նշել, որ ինքն պաշտպանի օգնությանը դիմելու իրավունք ունի, սակայն վերջինս հրաժարվել է պաշտպանի օգնությունից: Ամբաստանյալը նշեց, որ ինքն ունի որովայնում կուլ տված թմրամիջոց, նկատի առնելով նրա կյանքին սպառնացող վտանգն անմիջապես տեղափոխել ենք Երեւան», – դատական նիստի ժամանակ նշեց վկա Զորիկ Վարդանյանը: Իսկ ամբաստանյալ Դավիթ Վարդանյանն էլ հակադարձեց, որ Կապանում ոստիկանության աշխատակիցներն իրեն թույլ չեն տվել զանգել հարազատներին, դիմել փաստաբանի օգնությանը, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցներին չէր տեղեկացրել կուլ տված թմրամիջոցի գոյության մասին: «Ինձ խաբեցին, ասեցին գրիր ինչպես մենք ենք ցանկանում` բաց կթողնենք քեզ, քանի որ ես դժվարանում էի հայերեն գրել, իրենք իմ տեղը գրեցին, բայց այդպես էլ չթույլատրեցին զանգահարել կամ դիմել պաշտպանի օգնությանն ու ինձ տարան Երեւան` դատաբժշկական փորձաքննության», – ասաց Դավիթ Վարդանյանը:
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէին ներկայացել մյուս 3 վկաները` դատաբժշկական փորձագիտական եւ կազմ մեթոդական բաժնի վարիչ Գ. Հարությունյանը, ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, Է. Գրիգորյանը եւ ՀՀ ԱՆ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքի վարիչ Ա. Սանահյանը: Վերջիններս տեղեկացրել էին դատարանին, որ իրենք ծանուցագիր չեն ստացել:
«Այսօր չեն ներկայացել դատական բժիշկները, որոնց ներկայությունն էական նշանակություն ուներ պաշտպանական կողմի համար: Նրանք նշեցին, որ չեն ստացել դատական ծանուցագիր, իսկ դատավորը ցույց տվեց անդորրագիրը, որ դատարանը ուղարկել է ծանուցագիրը, շատ տարօրինակ է, թե ինչի՞ց ելնելով չեն ցանկացել գալ, շատ կարեւոր հարցեր պետք է տայինք իրենց` ես եւ իմ պաշտպանյալը»,- ասաց Դավիթ Վարդանյանի պաշտպան Վահան Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 28-ին:
Դ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն, և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: Նշենք, որ ամբաստանյալ Դ.Վարդանյանը մեղադրվում է 2013 թ. հոկտեմբերի 4-ի ժամը 19:20-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում, գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոցի ձեռքբերման համար, որից 7 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99 գրամը պահել է ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով ապօրինի տեղափոխել է Հայաստան:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ