Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր չեմ իմ տոմսը դնել գրպանս, որ ով հարցրեց՝ հանեմ ցույց տամ». Տաճատ Սարգսյան

Մարտ 13,2014 18:08

«1990 թվականին ես հանդիսացել եմ Կոմունիստական կուսակցության Լենինականի քաղաքական կոմիտեի առաջին քարտուղար եւ այդ ժամանակամիջոցում ընդունվել եմ Սովետական Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի անդամ: Այդ ժամանակամիջոցում ես ընդունվել եմ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի դեպուտատ, այդ ժամանակամիջոցում ես հանդիսացել եմ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ: Այդ ժամանակ ես հանդիսացել եմ Գերագույն խորհրդի կուսակցական ֆրակցիայի անդամ. նման երեւույթ լինելու դեպքում չէր կարող պատահել, որ դա աննկատ մնար հասարակության՝ առնվազն Լենինականի բնակչության կողմից»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի ղեկավար Տաճատ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀԿԿ կենտկոմի պլենումի անդամ Աշոտ Պապյանը հայտարարել էր, որ Տաճատ Սարգսյանը հակաժողովրդական եւ հակակոմունիստական գործունեություն է իրականացրել եւ բյուրոյի անդամների վրա ճնշում գործադրելով՝ հեռացրել իրեն կուսակցությունից:

Տաճատ Սարգսյանը թյուրիմացություն է համարում Աշոտ Պապյանի ներկայացրած քվեարկության տվյալները, քանի որ ըստ նրա՝ իրենք քվեարկում էին մի բանի համար, իսկ ցուցատախտակին գրվում եւ թերթերում տպագրվում էր մեկ այլ բան, այսինքն՝ տվյալները կեղծվում էին: Նա ասաց, որ ինքը փորձել է ճշտել այդ քվեարկության արդյունքը, սակայն ո՛չ արխիվում, ո՛չ Ազգային գրադարանում այդ թերթերը չի գտել.

«Մարդ, ով աղետի ժամանակ ապրել է աղետի գոտում, ում ընտանիքը փլվել է, ում երեխան զոհվել է, ում ազգ ու բարեկամը, եղբայր-քույրը, համաքաղաքացիները բոլորը մնացել են դրսում, ո՞վ կարող է նման ասել, որ շինարարության համար լրացուցիչ գումարներ են հատկացրել  եւ ես դեմ եմ քվեարկել՝ դա ոչ մի բանականության  մեջ չի տեղավորվում եւ սուտ է՝ բառիս բուն իմաստով»:

Անդրադառնալով Աշոտ Պապյանի այն հայտարարությանը, թե ինքն պատռել է իր կուսակցական տոմսի միջուկը՝ պարոն Սարգսյանն ասաց, որ իր նման այդքան պաշտոններ ունեցող անձը չէր կարող Թատերական հրապարակում պատռել տոմսը, եւ այդ փաստը ոչ մեկի ուշադրությանը չարժանանար, իսկ մարտի 12-ի նիստին Աշոտ Պապյանի պահանջով չի ներկայացրել իր տոմսը, քանի որ պարտավոր չէր.

«Ամեն անգամ ես պարտավոր չեմ իմ տոմսը դնել գրպանս, որ ով հարցրեց՝ հանեմ ցույց տամ. Կարգ կա՝ տոմսը իրավունք ունի տեսնելու իմ սկզբնական կազմակերպության քարտուղարը, իմ տոմսը տեսել է այն մարդը, ով ինձ տոմս է հանձնել: Իմ տոմսը գտնվում է մեր տանը, իմ տոմսը դա հին տոմսն է եւ ես ունեմ նոր տոմս»:

Իսկ Աշոտ Պապյանի՝ կուսակցությունից հեռացումը օրինական է համարում, քանի որ կոմունիստին կարող է պատասխանատվության ենթարկել այն կազմակերպությունը, որտեղ նա հաշվառված է, եւ իրենց կազմակերպությունում առանձին դեպքերում վերադաս կուսակցական օրգանը իրավունք ունի որոշում կայացնելու, ինչը եւ եղել է Աշոտ Պապյանի դեպքում. «Այսինքն՝ Կենտրոնական կոմիտեի բյուրոյին իրավունք էր վերապահված քննարկել ցանկացած հարց եւ ընդունել ցանկացած որոշում»:

Աշոտ Պապյանի հայտարարությունը, թե Տաճատ Սարգսյանը Կենտրոնական կոմիտեի պլենումի նիստի ժամանակ պատճառաբանել է իր՝ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվելու ցանկությունը նրանով, որ ինքը պետք է հարաբերվի իշխանությունների հետ եւ որպես պաշտոնակատար իրեն ոչ մեկ լուրջ չի ընդունի, Տաճատ Սարգսյանն ասաց, որ Աշոտ Պապյանը սխալ է հասկացել իրեն.

«Ես ասել եմ, որ առաջին քարտուղարի պաշտոնը ցանկանում եմ, ոչ թե որովհետեւ իշխանությունները ինձ լավ ընդունեն (առանց այդ էլ իշխանություններն ինձ ճանաչում են), այլ ասել եմ, որ առաջին քարտուղարի պաշտոնակատարի հնարավորությունները թերեւս այն չեն՝ այս կամ այն կազմակերպությունների հետ հարաբերվելու համար եւ ցանկալի է, որ Կենտկոմը ղեկավարի կոնկրետ առաջին քարտուղար ընտրված մարդը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31