Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտ 13,2014 17:53

Մարտի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Ժողովի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց խորհրդի անդամներին այն նվիրումի և հանձնառության համար, որ նրանք դրսևորում են Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրների լուծման և Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման համար:

Ժողովի նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովին Նորին Սրբությունը ԳՀԽ անդամներին ներկայացրեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` տեղեկացնելով, որ տաճարի ուսումնասիրման և ամրակայման նախագծային աշխատանքներն ավարտին են մոտեցել և առաջիկային պիտի սկսվեն շինարարական աշխատանքները: Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ ներկայիս աշխատանքներ են տարվում նաև Մայր Տաճարի նորոգության համար անհրաժեշտ գումարի հայթայթման ուղղությամբ:

2014 թ. նոյեմբեր ամսին նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի նախապատրաստական աշխատանքների մասին ժողովականներին տեղեկություններ փոխանցեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ժողովի կազմակերպիչ հանձնախմբի համաատենապետ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: ԳՀԽ-ն գոհունակությամբ ծանոթացավ ժողովը նախապատրաստող հանձնախմբերի կատարած աշխատանքին և իր թելադրությունները կատարեց ժողովի օրակարգի ձևավորման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին զեկույց ներկայացրեցին Հայ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի համաատենապետ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն ու հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ժողովականները, գնահատանք հայտնելով հանձնախմբին, անդրադարձան սրբադասման կանոնի, սրբապատկերի և վկայաբանության պատրաստման գործընթացին, ինչպես նաև սրբադասման հռչակման հետ կապված մանրամասներին:

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:  ԳՀԽ-ն որոշեց ժողովը գումարել տարվույս սեպտեմբեր 7-ից 9-ը` նախանշելով ժողովի օրակարգը: Այս առնչությամբ խորհուրդը քննության առավ նաև Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի գլխավորած հանձնախմբի կողմից մշակված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը և թելադրեց այն լրամշակումից հետո ներկայացնել ժողովի վավերացմանը:

Գերագույն հոգևոր խորհրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Մայր Աթոռի միջոցառումների վերաբերյալ զեկույց ներկայացրեց հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Քննարկման արդյունքում ամբողջացվեց Մայր Աթոռի կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը, որով մասնակցությամբ Ամենայն հայոց Հայրապետի,  հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհասփյուռ հայաշատ համայնքներում, միջեկեղեցական համաժողովներ և աղոթքի էկումենիկ արարողություններ, ինչպես նաև տեղի կունենան երիտասարդական միջազգային կրոնաժողովներ, թեմերում կիրականացվեն Եղեռնի վերաբերյալ փաստագրական նյութերի ցուցադրումներ և այլ նմանօրինակ միջոցառումներ: Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին` հանձնարարելով շարունակել միջոցառումների կազմակերպման աշխատանքները:

Գերագույն հոգևոր խորհուրդը մասնավոր քննության առավ 2015 թ. կայանալիք Մյուռոնօրհնության արարողության հետ կապված հարցեր: Այդ առնչությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տեղեկացրեց, որ Վեհափառ Հայրապետի կողմից ստեղծված հանձնախումբն արդեն սկսել է Մյուռոնօրհնության նախապատրաստական աշխատանքները: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց հանձնախմբին ձեռնամուխ լինել Մյուռոնօրհնության առիթով Քույր Եկեղեցիներին հրավերների առաքմանը և հորդորեց Սփյուռքի թեմերի առաջնորդներին խրախուսել ժողովրդին` մասնակցելու ազգային-եկեղեցական կյանքում այս կարևոր իրադարձությանը:

Ժողովականներին ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեության 2013 թ. տարեկան հաշվետվությունը, որում անդրադարձ է կատարված անցնող տարում հայրապետական ընդունելություններին ու այցելություններին, ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Մայր Աթոռի միաբանությանը, Եկեղեցու քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը: Մասնավորապես տեղեկացվեց, որ 2013 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունեցել է շուրջ 70 պաշտոնական հանդիպումներ եկեղեցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նշված տարում Վեհափառ Հայրապետն այցելել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ Հայոց Արևելյան, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմեր` մասնակցություն բերելով հոգևոր-մշակութային տարբեր ձեռնարկումներին և իր հայրական օրհնությունը բաշխելով Եկեղեցու հավատավոր զավակներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսության եկեղեցականության թիվը 676 է, որոնցից 53-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 46-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 50-ը` աբեղա, 421-ը` քահանա, 106-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: ՀՀ Զինված ուժերում իրենց ծառայությունն են բերում թվով 47 հոգևոր սպասավորներ: Մայր Աթոռի հովանու ներքո գործող հոգևոր-կրթական հաստատություններում` Գևորգյան հոգևոր Ճեմարանում, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, սովորում է 219 ուսանող և աշակերտ: Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանավորությամբ գործող 7 Հայորդյաց տները, ուր հաճախում են ավելի քան 3000 երեխաներ և պատանիներ, 2013 թ. եկեղեցական, ազգային և պետական տոների առիթներով կազմակերպել են 176 բազմաբնույթ միջոցառումներ:

Շարունակվել են Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, որոնց առավել համակարգման նպատակով Մայր Աթոռում ստեղծվել է նաև Սոցիալական ծառայության գրասենյակ: 2013 թ. սեպտեմբեր ամսին գումարված Եպիսկոպոսաց ժողովի կողմից հաստատվել է 2 000 000 ԱՄՆ դոլարի նախնական դրամագլուխ ունեցող հիմնադրամ` Հայաստանի, Արցախի և սիրիահայության կարիքավոր զավակներին աջակցություն ցուցաբերելու համար: Տեղեկացվեց նաև, որ տարվա ընթացքում Մայր Աթոռը շարունակել է պարբերաբար օգնություն ցուցաբերել ինչպես Սիրիայի հայ համայնքին և ազգային հաստատություններին, այնպես և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին:

Ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց Գերագույն հոգևոր խորհրդի նոր անդամների` Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նշանակման մասին` Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանի, Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի, Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի և ի Տեր հանգուցյալ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի փոխարեն: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ԳՀԽ նախկին անդամներին խորհրդի կազմում իրենց նվիրյալ և օգտակար ծառայության համար:

ԳՀԽ ժողովի ընթացքում քննարկվեցին նաև  Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Վիրահայոց թեմերին, Հոլանդիայի ու Բելգիայի հայ եկեղեցական համայնքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև կարգապահական խնդիրներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31