Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գրադարանում այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցավ «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Բացի համալսարանի դասախոսներից և ուսանողներից, շնորհանդեսին ներկա էին նաև համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը:
Ուսումնական ձեռնարկը ստեղծվել է 2 հաստատությունների ջանքերի շնորհիվ՝ Ֆրանսիական համալսարանի ուսանողների օգնությամբ: «Սա հրաշալի աշխատանք է, որը կատարվել է դասախոսների և ուսանողների միջոցով: Այս ձեռնարկը կօգտագործվի ոչ միայն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների կողմից, այլև՝ Ոստիկանական ակադեմիայի ուսանողների»,- ասաց համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Մոնտուան:
Շնորհանդեսի ժամանակ երկու կողմերը ստորագրեցին համաձայնագիր և փոխանակվեցին գրքերով: Ոստիկանական ակադեմիայի պետ Հովհաննես Վարյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին գրքի տպագրման աջակցության և ֆինանսավորման համար: «Կարծում եմ, որ այս աշխատանքը պետք է շարունակվի, մեր անկախությունից անցել է ավելի քան 20 տարի, և ժամանակն է եկել՝ մեր օրենքների վրա հիմնված դասագրքեր ունենալու: Իրավագիտությունը գիտական բոլոր ուղղությունների հիմքն է»,- ասաց պրն Վարյանը:
Կարդացեք նաև
Գրքի հեղինակներին ընտրելիս առաջնային սկզբունքը, որով առաջնորդվել են, եղել է հեղինակների մեծ մասի՝ Եվրոպական և Ամերիկյան մի շարք բուհերում կրթություն ստանալը. «Մեր հիմնական խնդիրն է հնարավորինս կոտրել խորհրդային համակարգի՝ պետության և իրավունքի տեսության մասին կարծրատիպերը, ամենաբարդ խնդիրը դա էր»- ասաց գրքի հեղինակներից Արթուր Ղամբարյանը:
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ