Լրահոս
Օրվա լրահոսը

Իսագուլյանը, Արծվիկ Մինասյանը, Բադեյանը, Ռուստամյանը, Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը` վարչապե՞տ

Մարտ 13,2014 17:44

Փնտրվում է վարչապետ. քաղաքական ուժերը անուններ են հնչեցնում: Ոչ իշխանական ուժերի, կամ ինչպես ասում են՝ հիանալի քառյակի հանդիպումների մասին քննարկումներն այս օրերին քաղաքական դաշտում ամենամեծ ժողովրդականությունն են վայելում:

Իշխանական դաշտից մեկ թերահավատություն է հնչում, թե գաղափարապես տրամագծորեն տարբեր ուժերը չեն կարող համախմբվել, մեկ ողջունում են հավանական միավորումը:

Badeyan_Isagulyan

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն այն կարծիքին է, որ այս ուժերը թե ռազմավարական, թե գաղափարական տարաձայնություններ ունեն, ինչն էլ նրանց կխանգարի միավորվել:  Հետևաբար նրանց միասնությունը գաղափարական հենքի վրա չէ և «փուչիկ է»:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հակառակ կարծիքին է: Գործընկերոջը հակադրվելիս ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նշեց. «Կառուցողական քննարկում չկա, դե թող մի հատ վարչապետի թեկնածու ասեն»: Գառնիկ Իսագուլյանն էլ թե`«ես», կամ «Մանվել Բադեյան»: Մանվել Բադեյանը հակադարձեց. «Չես կարող, քանի որ կյանքում վարչապետ չես աշխատել»: Գառնիկ Իսագուլյանն էլ , թե «Տիգրան Սարգսյանը սաղ կյանքում վարչապե՞տ էր աշխատել: Գոնե կոռուպցիա, թալան չի լինի, գոնե ամեն անգլերեն իմացող երիտասարդ մինիստր չի նշանակվի: Ինչի՞ Տիգրան Սարգսյանը կարա, Գառնիկ Իսագուլյանը չի՞ կարա: Թե վախենում են, որ Իսագուլյանը եկավ, շատերը, որ այսօր փափուկ նստած են, բերդում հայտնվեն: Քանի պատգամավոր կարելի է ուղարկել համապատասխան տեղ, քանի նախարարներ ու օլիգարխներ: Վերահսկիչ պալատը բան է զեկուցում, ասում ես, իրավունք չունես: Պարզ է չէ՞, որ միլիարդները կորել են: Հետազոտեք, բա ձեր վարչապետն այն է, որ մի նախարարի հարց չի կարող լուծե՞լ: Վախենում եք…Իսագուլյանը շատ լավ կարող է նախագահ էլ աշխատել, վարչապետ էլ»:

Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ընդդիմության մեջ բազում վարչապետի թեկնածուներ կան` «Արմեն Ռուստամյան, Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Արամ Մանուկյան…»` չնշելով սակայն Ռոբերտ Քոչարյանին ու հարց հնչեցնում. «Տիգրան Սարգսյանը այն ֆենոմենն է, որ ՀՀ իրականության մեջ անփոխարինելի՞ է»:

Armen-Martirosyan

Aravot.am-ը այս առիթով զրույցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, քանի որ «Ժառանգությունը» ևս հանդիպում է ունենելու ԲՀԿ-ի հետ: Պարոն Մարտիրոսյանը չի կարծում, թե իշխանությունը խուճապի մեջ է ու նշում է. «Խուճապի մասին չեմ խոսի, քանի որ խուճապի որևէ խնդիր չունեն: Եթե միասնական օրակարգ լինի, լինեն միասնական գործողություններ, ուղղակի իշխանությունը կփոխանցեն հասարակությանը և նոր ընտրություններ կնշանակվեն: Եթե չմիավորվեցինք, չեմ կարծում, որ այդ դեպքում խնդիր առաջանա»:

Գաղափարախոսությունների տարբերության և միավորման հենքի մասին դիտարկումներին պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ է` մենք երկրի տնտեսության սոցիալիստական ուղու հետ կապված խնդի՞ր ենք քննարկում, թե՞ ծայրահեղ լիբերալ, թե՞ պահպանողական մոտեցման մասին ենք խոսում, որ գաղափարախոսական ինչ- որ ընդհանրություն փնտրեն: Մենք ոչ թե գաղափարական ինչ-որ ուղղության մասին ենք խոսում, այլ կոնկրետ քաղաքական խնդրի վերաբերյալ, որը այսօր որևէ կերպ գաղափարական մոտեցման խնդիր չի առաջացնում: Ինքը չի ասում պահպանողական մոտեցմամբ իշխանափոխություն արեք, չի ասում` լիբերալ հայացքներով հեղափոխություն արեք: Ինքն ասում է`միավորվեք ու միասին իշխանությունը փոխեք, որ երկիրը հանեք այս իրավիճակից»:

Aravօt.am-ի հարցին` վարչապետի ի՞նչ թեկնածուների անուններ կնշի, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Արծվիկ Մինասյան, «Ժառանգությունում» էլ կան, բայց չեմ ասում»:

Հետաքրքրվեցինք` Գագիկ Ծառուկյանն է՞լ կա այդ թեկնածուների շարքում: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բոլորն էլ կան, Տիգրան Սարգսյանն էլ վատ վարչապետ չէր լինի, եթե այս համակարգը չլիներ: Ինքը հարմարվեց խաղի կանոններին, որոնք գոյություն ունեին իշխանությունում և վեց տարի հետո նման համակարգ առաջացավ: Բայց քննարկումները վարչապետի անձի շուրջ չեն, այլ, թե երկիրն այս իրավիճակից ինչպես դուրս բերենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անցորդ says:

    «քննարկումները վարչապետի անձի շուրջ չեն, այլ, թե երկիրն այս իրավիճակից ինչպես դուրս բերենք»:

    Իսկ ինչ իրավիճակ ա…երկրին ինչ ա եղել որ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31