«Տաճատ Սարգսյանը, լինելով Լենինականի քաղկոմի քարտուղար, 1991 թվականին Թատերական հրապարակում պատռել է իր կուսակցական տոմսի միջուկները, ես անձամբ տոմսը տեսել եմ եւ տեսնելու ժամանակ հայտարարել եմ, որ նման մարդուն չի կարելի վերականգնել կուսակցության շարքերում, բայց ինչ-ինչ պատճառներով նա վերականգնվեց կուսակցության մեջ: Իսկ դրանից հետո` նա, լինելով ԱԺ պատգամավոր, բավականին լուրջ հակաժողովրդական քայլեր է կատարել ի վնաս մեր ժողովրդի, այսինքն՝ քվեարկության ժամանակ մի այնպիսի քվեարկություն է կատարել, որը չի բխում մեր ժողովրդի եւ կոմունիստ լինելու շահերից»,- այսօր՝ մարտի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ՀԿԿ կենտկոմի պլենումի անդամ Աշոտ Պապյանը:
Նա օրինակ բերեց «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրված 1992 թվականի մարտի 16 -ին Գերագույն խորհրդում տեղի ունեցած քվեարկությունը, որտեղ Տաճատ Սարգսյանը դեմ է քվեարկել հանրապետությունում սեփականաշնորհման գործընթացի կասեցման մասին նախագիծն ընդունելուն եւ 1994 թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած մեկ այլ քվեարկության ընթացքում՝ Հայաստանում ոռոգման համակարգի վերանորոգմանը, էներգետիկ ցանցի վերանորոգմանը, աղետի գոտու շինարարությանը, շինարարության բյուջեի կրկնապատկմանը, կրթության եւ առողջապահության բյուջեի եռապատկմանը, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Իսկ երեկ՝ մարտի 12-ին՝ տեղի ունեցած Կենտրոնական կոմիտեի բյուրոյի նիստի ընթացքում, Տաճատ Սարգսյանը առաջարկել է Աշոտ Պապյանին հեռացնել կուսակցությունից, սակայն վերջինս պնդում է, որ նիստին հրավիրված էին այն մարդիկ, ովքեր բյուրոյի անդամ էին դարձել անօրինական ճանապարհով եւ նրանց վրա ճնշում է գործադրվել.
«Ես, իհարկե՛, ելույթով հանդես եկա, ասացի՝ թո՛ղ ինքն իր տոմսը դնի սեղանին՝ ցույց տա, որպեսզի մենք համոզվենք՝ իրոք, նա պատռել է, թե ոչ: Նման հարց մեր ընկերները նույնպես բարձրացրեցին: Նա տոմսը ցույց չտվեց եւ ճնշելով մարդկանց՝ որոշում ընդունեց հեռացնել ինձ կուսակցությունից, այստեղ նույնպես նա խախտեց կուսակցության կանոնադրական կետերը, քանի որ կոմունիստին կուսակցությունից հեռացնելու համար՝ առաջին հերթին պետք է լսել սկզբնական կուսակցության կազմակերպությանը, որտեղ ինքը հաշվառված է»:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց նաեւ, որ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հրավիրված չի եղել նիստին, եւ իմանալով որոշման մասին՝ նա հայտարարել է, որ դեմ է այդ որոշմանը:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի հետ հարցազրույցը՝ ավելի ուշ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ