Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյան. «Չարենցի մեջ որքան Աստվածն էր նստած, այնքան էլ նա խորանում էր դեպի երկրի ընդերքը»

Մարտ 13,2014 16:24

Այսօր՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպում ունեցավ գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Այսօր պոեզիայի և գրականության մեծ տոն է: Այս տարի նաև լրանում է Չարենցի առաջին գրքի՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկա» առաջին ժողովածուի լույսընծայման 100-ամյակը»,-ասաց պրն Գասպարյանը: «Երբեմն ընթերցողը կառչած է մնում Չարենցի մի կերպարի, այն կերպարին, որին ծանոթ է: Սակայն ժամանակն է, որ մենք Չարենցին ամբողջական ճանաչենք: Այս առումով շատ կարևոր են կյանքի վերջին հատվածում գրած անտիպ ստեղծագործությունների հրատարակումը, որոնք պետք է լրացնեն նախորդներին»,- ասաց պրն Գասպարյանը: Նա նշեց, որ Չարենցի ստեղծագործությունների իր սիրած հատվածը հենց կյանքի վերջին տարիների ստեղծագործություններն են: Այնուհետև հավելեց, որ վերջին 3 տարվա վաստակը շատ ավելին է, քան մնացած տարիներինը:

Գրականագետը նշեց, որ չարենցագիտությունը քնած չէ: «Չարենցագիտությունը մեր գրականագիտության այն ճյուղերից մեկն է, որն ավելի բորբոք է այսօր: Թերևս չկա ուրիշ հայ հեղինակ, որոնք այսօր այդքան հետաքրքրություն ներկայացնեն հանրությանը, որքան Չարենցը: Դա պայմանավորված է նրա հանճարի բազմակողմանիությամբ և նրա անընդհատական արդիականությամբ»,- ասաց պրն Գասպարյանը:

Լինելով չարենցագետ՝ պրն Գասպարյանն ամեն անգամ զարմանքով է ուսումնասիրում նրա ստեղծագործությունը: «Նրա ստեղծագործությունը անսահման խորն է և բազմազան: Ահա սրա մեջ է Չարենցի ուժը: Չարենցի մեջ որքան Աստվածն էր նստած, այնքան էլ նա խորանում էր դեպի երկրի ընդերքը, դեպի մագման»,- ասաց գրականագետը:

Պրն Գասպարյանը խոսեց նաև Չարենց և հասարակություն կապի մասին: «Դեպի Չարենց տանող ճանապարհը կանաչ է: Դեպի Չարենցի տաճար եկող մարդիկ շատ են: Եվ երբեմն մենք մեղադրում ենք աշակերտին և ուսանողին գրողին լավ չճանաչելու համար այն դեպքում, երբ մեղքի բաժինը դասախոսինն է ու ուսուցչինը: Չմոռանանք, որ գրականությունը առարկա չէ դպրոցում կամ բուհում սովորելու համար: Գրականությունը արվեստի տեսակ է»,- նշեց պրն Գասպարյանը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31