«Մենք պետք է կարողանանք առաջնորդվել համաշխարհային փորձի դրույթներով, հակառակ դեպքում մենք մեր ձկնաբուծական տնտեսությունները կդնենք տնտեսական ցնցումների մեջ, որը բացասաբար կանդրադառնա և մեր երկրի տնտեսության վարկի և մեր բյուջետային բնագավառի վրա»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Նա նաև խոսեց խորքային հորերի գրանցման գործընթացում ի հայտ եկող խոչընդոտների և ոլորտի այլ հիմնախնդիրների մասին, որոնք էապես ազդում են ձկնաբուծության զարգացման վրա:
«Գաղտնիք չէ, որ այսօր ձկնարտադրողների առջև ծառացած են մի շարք բարդ լուծումներ պահանջող խնդիրներ: Դրանք են՝ ջրի վարձի 10 անգամ թանկացումը, ոլորտի լիցենզավորումը, ավելացված արժեքի հարկը և այն: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու որոշվեց խորքային հորերից ստացված ջրերը թանկացնել 10 անգամ: Դա կատարվել է առանց բացատրությունների և առանց մեր հարցերին պատասխանելու: Միառժամանակ թանկացրին սահմանամերձ գոտիների մակերևութային ջրերը: Երկրորդ խնդիրը ավելացված արժեքի հարկի հետ կապված խնդիրն է: Մեր ձկնարտադրության համար մանրաձկանից մինչև հատակային ձուկ դառնալու ժամանակահատվածը տևում է մեկ տարի: Եթե ձկնարտադրողը հունվար ամսին մեկ տարով գնել է ձկան կեր, որին ավելացել է ավելացված արժեքի հարկ, նա ձկան վաճառքի ժամանակ պետք է օգտագործի այդ ավելացված արժեքի հարկը: Եթե նա չի հասցնում կերի միջոցով կուտակված արժեքի ավելացված հարկն օգտագործել մեկ տարվա ընթացքում, հաջորդ տարին նա ստիպված նորից վճարում է ավելացված արժեքի հարկ»:
Վերջում Արթուր Աթոյանն ավելացրեց. «Այս խնդիրների հետ կապված տարվա սկզբին մենք դիմել ենք ՀՀ նախագահին և հիմա սպասում ենք նրա պատասխանին»:
Կարդացեք նաև
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ