Լրահոս
Օրվա լրահոսը

Որոտանի ՀԷԿ-երի վաճառքի գումարը պետբյուջե՞ չի գնալու (Տեսանյութ)

Մարտ 13,2014 15:45

Չնայած Էներգետիկայի նախարարը հայտարարում էր, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը 40 տարվա կառույց է, հին է, մաշված է եւ ներդրող է պետք, պետք է վաճառել, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր «Էկոլուր» ակումբում ասաց` ՀԷԿ-երի համալիրի վաճառքի անհրաժեշտությունը չկար. «Որոտանի նման հիդրոկառույցները կարող են ծառայել 100 տարի, մանավանդ, որ այն կառուցվել է ոչ թե 30-ական թվականներին, այլ` 70-ականներին»:

Պարոն Խաչատրյանի խոսքերով` Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ինժեներական առումով ունիկալ կառույց է եւ հաշվարկված է եղել, որ Ատոմակայանի խնդրի դեպքում, Որոտանը լրացնի այդ բացը, քանի որ նրան կցված 3 ջրամբարները թույլ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, միշտ աշխատել. «Սա վաճառել, նշանակում է տնտեսապես համեղ պատառ ուրիշին տալ: Պետությունը կամ վաճառելուց կամ ավելի մեծ ծրագիր պիտի իրականացներ, կամ խիստ ճգնաժամային վիճակում լիներ, ու ստիպված վաճառեին: Բայց տնտեսական առումով կարիք չկար վաճառելու»:

Ըստ տնտեսագետի, Որոտանը նորմալ աշխատող կառույց էր, հատկապես, որ վերջին շրջանում արտադրվող էլեկտրաէներգիայի գինն էլ բարձրացվել էր, կարող էր շահավետ աշխատել:

Մանրամասն` տեսանյութում

Վերլուծելով Որոտանի վաճառքի պայմանագիրը, տնտեսագետը վստահեցրեց, նախ` 1-7 տարիների ընթացքում հզորությունն ավելացվելու է, ու 70 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու, որը մեծ գումար չէ. «Որոտանն այնպիսի կայան է, որը կարող էր հարյուրավոր միլիոն դոլարների կապիտալ ներդրումներ ստանալ 5-15 տարիների կտրվածքով»:

Թե ինչո՞ւ պետությունը շահագրգռված չի եղել բարձրացնել Որոտան ՀԷԿ-երի արդյունավետությունը, ի՞նչ եղավ 51 միլիոն դոլարի վարկը, պարոն Խաչատրյանի դիտարկումը`  տեսանյութում

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը պետք է վաճառվեր մոտավոր հաշվարկներով` 500 միլիոն դոլարով, այլ ոչ թե` 180 միլիոն, եւ քանի որ կառավարությունն այդ վաճառքի գործընթացը թափանցիկ ու շուկայական կանոններով չի կատարել, ուստի հենվելով որոշ մասնագետների վերլուծությունների վրա, պարոն Խաչատրյանն ասաց. «Մոտ 400 մեգավատ հզորությամբ նման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 900 միլիոն դոլար. եթե հաշվի առնենք մաշվածությունը, տարիքը, պիտանելիությունը, մոտ 500 միլիոն կարժենար համալիրը, իհարկե, սա պայմանական թիվ է»:

Տնտեսագետը նաեւ կասկածի տակ դրեց, թե ուր են գնալու Որոտանի ՀԷԿ-երի վաճառքից ստացված գումարները, քանի որ պայմանագրում նշված չէ, որ այն ուղղվելու է պետական բյուջե:

Որոտան ՀԷԿ-երի նոր սեփականատերերի` ամերիկացիների սակագնային հաշվարկների, ՁորաՀԷԿ-ի կառավարության վաճառքի մասին մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31