ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովականները ՀՀ իշխանություններին նամակ են ուղարկել` հարցադրմամբ, թե Հայաստանը ինչ է արել Դալմայի այգիների մասին անօրինական որոշման վնասները վերացնելու ուղղությամբ:
«Դալմա-Սօնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանի պատմելով, Եվրոպական տնտեսական հանձնաժողովից նաեւ հետաքրքրվել են, թե ինչ է արվել Դալմայի այգիների վերաբերյալ իրենց տված հանձնարարականներից. «Վստահեցնում եմ, որ ՄԱԿ-ի որոշման ոչ մի կետ չի կատարվել… Հայաստանը ոչ կատարել է, ոչ էլ կատարելու մտադրություն ունի այդ հանձնարարականները»,- ասաց Ռուզան Ղազարյանը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի հանձնաժողովը վերջնաժամկետ է տվել պատասխանի` մինչեւ մարտի 24-ը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը` Հովհաննես Հովսեփյանը, ուսերն է թոթվել, երբ վերջին հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ նամակ կգրի ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովին ու կպատմի, որ ՀՀ նախագահի աշխատակազմից էլ ոչ մի կերպ չեն արձագանքում Օրհուսի կոնվենցիայի կետերը կատարելու հանձնարարականներին. «Ասաց՝ ում ուզում եք գրեք: Եթե վերեւում էդպես են ասում, ապա ներքեւում նույնիսկ տեղյակ էլ չեն, որ նման հանձնարարականներ կան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ