Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին անպաշտպան թողնելն անթույլատրելի է». Արթուր Իսպիրյան (Տեսանյութ)

Մարտ 13,2014 15:05

Նա եւ մի քանի այլ քաղաքացիներ լրագրողների հետ հանդիպմանը կրկին իրենց բողոքն արտահայտեցին «Տոնուս քոնսթրաքշն» ընկերության կողմից կատարած «խարդախության» վերաբերյալ:

Մանրամասները` տեսանյութում.

Խոսքը այն մասին է, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս քոնսթրաքշեն» շինարարական ընկերությունը բնակարանների կառուցման պայմանագիր է կնքել քաղաքացիների հետ, վերջիններս կառուցվող բնակարանի գումարը մուծել են «Արցախբանկում», սակայն շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել, շենքն այժմ «Արցախբանկի» տնօրինության տակ է:

Ըստ շենքի բնակարանները գնող քաղաքացիների՝ շենքը շահագործման պետք է հանձնվեր դեռ 2008 թվականին, սակայն մինչ օրս չի հանձնվել, այնինչ նրանք պարտաճանաչորեն կատարել են իրենց մուծումները, նույնիսկ մարդիկ կան, ովքեր իրենց բնակարանի գումարն ամբողջությամբ են մուծել:

«Այսօր ամեն ինչ ժխտվեց, որ չկա օրենք, չկա ազնվություն, չկա հարգանք քաղաքացու նկատմամբ, մենք չգիտենք՝ այլեւս ո՞ւմ դիմենք, որտե՞ղ գնանք»,- ասում է նույն հարցով տուժածներից Զոյա Պետրոսյանը:

«Դիմել ենք նախագահին, խոստացել են, որ գործը ընթացք կտան, չեն թողնի, որ երկրի ժողովուրդը թողնի հիասթափված լքի, գնա էս երկրից,-ասում է տիկին Պետրոսյանը, նշում է, որ արդեն ութ ամիս գործը դատարանում է ,- ամեն ամիս գնում ենք դատարան, այս ութ ամսվա մեջ ոչ մի բարի խոսք չլսեցինք այդ բանկի ներկայացուցչի կողմից, որպեսզի սնանկության կառավարիչը, փաստաբանը, դատավորը կարողանային այդ հարցերին լուծում տան, գալիս, կանգնում է ու ասում՝ ես չգիտեմ, ինձ չեն ասել, ես չեմ կարող»:

Բնակարանատերերը կարծում են, որ «Արցախբանկի» եւ «Տունուս քոնսթրաքշենի» հետ նախնական պայմանավորվածություն է եղել՝ մարդկանցից գումարներ շորթելու, եւ բանկի այն պնդումները, թե տեղյակ չեն եղել, որ շինարարական ընկերության եւ քաղաքացիների միջեւ պայմանագրեր կան, համարում են սուտ:

«Հիվանդ սարքեցին մեր ժողովրդին, հաջորդ անգամ ինչ-որ բարեկամ խնդրի Երեւանում բնակարան գնի, ես ինքս խորհուրդ կտամ՝ հարգելիս, մեր երկրում չկա օրենք, չկա կարգ, չկա պարտք, ավելի լավ է գնա Ռուսաստանի էն գյուղերում գնի»,- ասում է Զոյա Պետրոսյանը:

«Բանկի կողմից ինչ-որ առաջարկներ եղել են, որ հավելավճարով վերահաշվարկ անելուց հետո բնակարանները հնարավոր է կվերադարձնեն, բայց պետք է գումար ավելացնել, չգիտեմ՝ ինչքան գումարի մասին է խոսքը, մարդ կա, չունի այդ գումարը»,- պատմում է Արթուր Իսպիրյանը:

«Արցախբանկը պատճառ է բերում, որ մենք վկայականներ չունենք, բայց վկայականները բնակիչը ստանում է շենքը կառուցվելուց հետո, իրենք հանցագործ համաձայնության են եկել, որ ժողովրդին գցեն»,- ասում է մեկ այլ տուժած Գագիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ինչ են պատրաստվում հիմա անել, երբ խնդիրը չի լուծվում, Արթուր Իսպիրյանը պատասխանեց. «Մենք դեռ հույս ունենք, որ երկրում կա արդարություն, եւ հույս ունենք, որ այս հացը կլուծվի, որովհետեւ այսպիսի բան ոչ մարդ լսել է, ոչ տեսել, որ մարդ վճարի իր բնակարանի համար եւ դրա դիմաց չստանա իր բնակարանը եւ նույնիսկ չստանա պատասխանը, թե ինչու չի ստանում իր բնակարանը»:

Գրիգոր Գեւորգյանն էլ ավելացրեց, որ ծայրահեղ դեպքում կմտնեն իրենց բնակարանները, տեսնեն՝ թե ինչ են անելու:

Հարցի լուծումը քաղաքացիները միայն երկրի նախագահի միջամտության դեպքում են տեսնում: «Միակ մարդը, որ պետք է այս հարցին լուծում տա, երկրի նախագահն է: Դա պատվի, ազգի հարց է, ժողովրդի հարց է»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31