Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային տրանսպորտը կղեկավարվի մեկ կենտրոնից

Մարտ 13,2014 14:50

Ազգային ժողովում այսօր շարունակվեց երեկ ընդհատված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթը: Օրենսդրական փաթեթը ներկայացնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Ըստ օրենքի նախագծի՝ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար լիցենզիա այլեւս չի պահանջվի, կգործի մեկ պատուհանի սկզբունքը, ինչի արդյունքում վարչարարությունը կկրճատվի, կսահմանվի ուղեւորափոխադրման հստակ գին եւ այլն:

Պատգամավորները հետաքրքրվում էին, թե ինչո՞ւ է այս օրինագիծը միայն Երեւանին առնչվում, ի պատասխան Արմեն Եղիազարյանն ասաց, որ հնարավոր է հետագայում միջքաղաքային տրանսպորտին էլ վերաբերի:

Նախագծով նախատեսվում է «Օպերատորի» դերակատարություն, որը լինելու է «Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն»: Հենց այս Օպերատորն էլ կսահմանի քաղաքային հանրային տրանսպորտի երթուղիները եւ գները:

Օրենքի նախագծում նշված է, որ օրենքի ընդունումից հետո ակնկալվում է անցում՝ միասնական վճարային համակարգի, ինչը կձերբազատի վարորդների կողմից փոխադրավարձի հավաքման գործընթացից եւ անցում կկատարվի վճարման քաղաքակիրթ եղանակների: Խոսքը եվրոպական շատ երկրներում ընդունված միասնական տոմսերի մասին է, որով կարելի է նստել բոլոր ավտոբուսներն ու այլ քաղաքային տրանսպորտները:

Ինչ վերաբերում է տրանսպորտի սակագներին, ըստ օրինագիծը ներկայացնող Արմեն Եղիազարյանի՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ գները չեն իջնում, միայն բարձրանում են, սակայն գին որոշողը լինելու է համայնքի ավագանին:

Թեեւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել այս նախագծին, սակայն քննարկումների ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եկավ այն եզրակացության, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդարանական լսումների կարիք կա եւ առաջարկեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին անցկացնել նման լսումներ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31