Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր «Երկու Երես» մամուլի ակումբում ներկայացրեց ազգային փոքրամասնությունների առաջնային հիմնախնդիրները եւ երիտասարդներին վերաբերող հարցերը:
Հայաստանում գոյություն ունեն 11 ազգային փոքրամասնություններ: Դրանցից ամենամեծը եզդիների համայնքն է, որն ունի 60.000 բնակչություն:
Պրն Թամոյանը նշում է, որ խորհրդային իշխանության տարիներին ազգային փոքրամասնություններին հնարավորություն չէր տրվում զբաղվելու իրենց մշակույթով, կրոնով, կրթությամբ եւ այլն. «Հայաստանի անկախացումից հետո նաեւ անկախացավ եզդի համայնքը»:
Համայնքի նախագահը հայտնեց, որ ներկայումս Հայաստանում իրենք ունեն լայն հնարավորություններ զարգանալու համար: «3 մլն եզդի կա աշխարհում, 1 մլն-ից ավելին ապրում է Իրաքում եւ զրկված է իրենց մշակութային հնարավորություններից: Իսկ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մեր երիտասարդները կրթվում են` բարձրագույն կրթություն են ստանում: Մեզ մոտ նախկինում նման բան գոյություն չուներ: Արդեն 10-րդ տարին է 32 դպրոցներում նաեւ դասավանդվում է եզդիերեն լեզու եւ գրականություն առարկան: Մենք ունենք կեսժամյա ռադիո հաղորդումներ»: Պրն Թամոյանը բոլոր նշվածները համարում է մեծ ձեռքբերում:
Կարդացեք նաև
Սակայն, պրն Թամոյանը ցավով է նշում, որ համալսարանները ավարտելուց հետո, ինչպես եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, եզդի երիտասարդները նույնպես չեն կարողանում աշխատանք գտնել: «Ընտանիքը պահելու համար բոլոր երիտասարդներին աշխատանք է հարկավոր, սակայն հիմա մեծ խնդիր է աշխատանք գտնելը»: Նա նշում է, որ սա է հիմնական պատճառը, որ եզդիները շարունակում են արտագաղթել երկրից. «Շատ լավ է, որ մեր երիտասարդներն էլ են բարձրագույն կրթություն ստանում, բայց նրանք անմիջապես ավարտելուց հետո լքում են երկիրը եւ մեկնում` հիմնականում Ռուսաստան»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ