Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չկա

Մարտ 13,2014 14:18

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչները վերահաստատել էին, որ իրենց օրակարգի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության հեռացումն է, որ իրենք երկրում խնդիրների լուծման բանալին ուղղակիորեն կապում են դրա հետ: Դրան հետեւեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի հայտարարությունը, որում ասվում էր, որ այս պահին մոտեցումներում հստակ տարբերություններ կան, որ ԲՀԿ-ն հիմնվում է վերջին համագումարում կուսակցության նախագահի հնչեցրած մտահոգությունների վրա: Դրանք, Սերժ Սարգսյանի հրաժարական չէին ենթադրում: Խնդիրը, ԲՀԿ-ում տեսնում են կառավարության գործունեության մեջ:

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ասաց, որ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը չի քննարկվել եւ, որ այդ հարցը քառյակի օրակարգում չկա:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` ՀՅԴ-ի օրակարգում նախագահի հրաժարականի հարց կա՞: «Մենք այսօր, մեր օրակարգում, որ քննարկում ենք եւ փորձում ենք միավորել տեսակետները, այս փուլում կառավարության հրաժարականի եւ դրանից հետո քայլերի`թե նոր եկողն ի՞նչ պիտի անի, որ այս վիճակը չկրկնվի…սա ենք քննարկում: Մյուս հարցն այսօր չորսի օրակարգում չկա եւ նույն տրամաբանությամբ է`մի խնդիրը դնել համաձայնության, քայլեր կատարել, դրանից հետո`կախված իրավիճակից, արձագանքից, որոշել հաջորդ քայլը»:

Մեր հաջորդ հարցին`կարծում եք իշխանությունը խուճապի մե՞ջ է ընդդիմադիր դաշտի համախմբման հեռանկարից, մեր զրուցակիցը նկատեց. «Ես չգիտեմ իշխանություններն ինչ վիճակի մեջ են: Բայց որ իրենք մտահոգվելու լուրջ պատճառներ ունեն`երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, այլ մոտեցումը պարզապես համարժեք չի լինի ստեղծված իրականությանը: Բայց խուճապի մեջն այլ կատեգորիա է»:

Նկատենք, որ ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկումների, որ այդ հանդիպումները կարող են հանգեցնել «ավելի փոքր» կուսակցությունների միավորմանը`ԲՀԿ-ի շուրջ, երկրում ստեղծելով երկբեւեռ քաղաքական դաշտ, yerkir.am-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանը հակադարձել էր. «Ցավոք, քաղաքական ազդեցիկ ուժերը չեն ձեւավորվում պարոն Շարմազանովի ցանկություններով: Նորմալ ժողովրդավարական երկրներում ժողովրդի կամաարտահայտությամբ են կուսակցությունները ստանում իրենց կշիռը, եւ ես վստահ չեմ` եթե Հայաստանում իսկապես արդար, ժողովրդի կամաարտահայտությամբ ընտրություններ լինեն, ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ կլինի՞: Մինչ այժմ նման ընտրություններ Հայաստանում, ցավոք, չեն եղել»: Նաեւ հիշեցրել էր, որ ժամանակին ՀՀԿ-ն էր քննարկում ՀՅԴ-ում տարալուծվելու տարբերակը:

«Քաղաքական դաշտում ընթանում է համագործակցության փնտրտուք, որն օբյեկտիվ, ռեալ գործընթաց է եւ դրա տակ փորձել այլ բան գտնել…պետք է այս իրավիճակից ելքեր գտնել: Ամեն մեկս ունենք մեր մոտեցումները, տարբերությունները, կենսագրությունը եւ ճիշտը`գտնել այնպիսի խնդիրներ, որոնք մեզ միավորում են`դրանով իսկ ավելի լայն համագործակցության հիմքեր ստեղծել: Մինչեւ հիմա այս ճանապարհը ճիշտ է ու աննորմալ կլիներ, եթե երկրով մտահոգ քաղաքական ուժերն այդ ճանապարհը չփնտրեին: Սա մինչեւ ո՞ւր կգնա`ժամանակը ցույց կտա: Իշխանություններն ինչպե՞ս են արձագանքում`իրենց խնդիրն է: Ես համոզված եմ, որ իրենք եւս տեսնում են այդ ամենը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նա չի կարծում, որ իշխանությունն անակնկալի է եկել ընդդիմության համագործակցությունից, քանի որ իրավիճակն է այդպիսի պահանջ դրել. «Ակնհայտ է, որ դժգոհությունները կուտակվում են եւ արդեն ինքնին`առանց քաղաքական ուժերի միջամտության, դրանք երկրում կարող են նոր իրավիճակ առաջացնել: Իրենք այդ ամենը տեսնում են, հետեւում են այդ ամենին, փորձում են իրենց վերահսկողության տակ պահել. Դա էլ բնական է: Իրենք էլ վստահ են, որ փոփոխություններն անհրաժեշտ են: Մի բան է թե ի՞նչ են հայտարարում, փորձում են ցույց տալ, որ իրենք անդրդվելի են, ամենաուժեղն են, բայց խորքում իրենք էլ ամեն ինչ լավ հասկանում են: Հայտարարելը մի բան է, իրականությունն՝ այլ»:

Պարոն Վարդանյանն ասաց նաեւ, որ ոչ իշխանական ուժերի օրակարգում լիդերի հարցը այս պահին չկա, այդ հարցը դեռ չի հասունացել: Հիմա օրակարգի ճշտման փուլ է: «Անձերի խնդիր չկա, գոնե` ՀՅԴ-ի համար: Ես, իհարկե, հասկանում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր կփորձեն ինչ-որ չափով վերմակն իրենց կողմը քաշել, առաջնորդության հավակնություններ ունենալ, դա էլ է բնական: Բայց մենք անձերի խնդրով չենք առաջնորդվում, այլ համակարգային խնդիրների լուծմամբ, որոնք իսկապես որակ կփոխեն: Առանց սրա, մնացյալը ժամանակավրեպ է»:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentc CHi says:

    Հայաստանում ոչ մեկն էլ չի հավատում որ երբևէ, ձեզ մոտ, ՀՅԴ-ում, կամ ԲՀԿ-ում նման հարց կլինի: Մի քիչ էլ կասկածում եմ Ժառանգությանը: Որ դուք իբրթե հասկանում եք թե ինչպես կարելի է առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի Հայաստանում որեիցե հարց կարգավորել դա մի կերպ հասկանում եմ, բայց որ կարողանում եք նաև դա բացատրել և հույս ունենալ որ կարող եք հասկացվել ժողովրդի կողմից դա արդեն ինձ զարմացնում է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31