Իսկ Գալուստ Սահակյանին՝ պարգեւատրել
Սիրելի իմ ընթերցող բարեկամներ, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է կոչվում այն մարդը, որ չի գիտակցում, թե ինչու է այս կամ այն կերպ վարվում: Ճիշտ եք՝ անմեղսունակ: Իսկ եթե այդ մարդը ՀՀ ԱԺ պատգամավոր է եւ չի գիտակցում, թե ինչու է կողմ կամ դեմ քվեարկե՞լ, կամ ավելին՝ եթե դա մի ամբողջ խմբակցությո՞ւն է…
Արդեն հետաքրքրե՞ց, թե ինչու եմ այս հարցերը տալիս: Շտապեմ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը եւ մեջբերեմ «Մեդիալաբին» Գալուստ Սահակյանի (նա, եթե հիշում եք, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է) տված հարցազրույցի (տե՛ս ) սկիզբը.
«-Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր ուժերի՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Մեծամասնությունը փաստացի տապալեց հանձնաժողովի ստեղծումը, ինչո՞ւ, կողմ չե՞ք բացահայտումներին:
– Ես կարծում եմ՝ ամենաշատը մեզ է հետաքրքրում այդ հարցը»:
Շարունակությունն արդեն կարեւոր չէ: Կարեւորը հենց սա է. նորից կարդացեք, խնդրեմ. հարցը ձեւակերպված է՝ ինչո՞ւ եք դեմ քվեարկել եւ կողմ չե՞ք բացահայտումներին, եւ մարդը, ԱԺ պատգամավորը, խմբակցության ղեկավարը պատասխանում է, թե ամենաշատը իրենց է հետաքրքրում այդ հարցը, այսինքն՝ հենց իրենց է հետաքրքրում, թե ինչու են դեմ քվեարկել… Դե, չգիտի էլի, մարդը, չգիտի, թե ինչու է դեմ քվեարկել, եւ չգիտի՝ ինքը կո՞ղմ է բացահայտումներին, թե՞ ոչ… Այդ հարցը իրենց էլ է հետաքրքիր, վայ… Էնպիսի հարցեր եք տալիս…
Կարդացեք նաև
Եթե միայն իր անունից խոսեր, էլի գլուխը քարը, բայց նա անհարմար դրության մեջ է դրել մի ողջ խմբակցության՝ խոստովանելով, թե ԻՐԵՆՑ, այսինքն՝ ողջ խմբակցությանն է հետաքրքիր հարցը, թե ինչո՞ւ են դեմ քվեարկել…
Տեսա՞ք, որ սեփական անմեղսունակության խոստովանություն է: Այ, նույն անմեղսունակությամբ էլ, չիմանալով թե ինչու, անցած տարվա վերջին յոթանասունչգիտեմքանի պատգամավորները (ՀՀԿ գումարած իրենց խամաճիկ մյուս կուսակցությունը) կողմ քվեարկեցին Հայաստանը ռուսական «Գազպրոմի» ճորտը դարձնող համաձայնագրին: Ինչո՞ւ: Ի՞նչ իմանան: Իրենց էլ է էդ հարցը հետաքրքրում… Տամ իրենց հետաքրքրող «ինչո՞ւ» հարցի պատասխանը. Սերժ Սարգսյանը մատները չրթացրեց, եւ իրենք Կուկլաչովի վարժեցրած փիսիկների նման կանգնեցին հետեւի թաթիկների վրա ու առջեւի թաթիկներով (քվեարկության քարտերը, եթե հիշում եք, Զարուհի Փոստանջյանը հավաքել էր) կողմ քվեարկեցին՝ առանց իմանալու, թե ինչու…
Եվ այսուհանդերձ, ես կարծում եմ, որ Գալուստ Սահակյանին սույն խոստովանության համար հարկ է պարգեւատրել: Անպայման: Եթե դա չաներ, մենք որտեղի՞ց պիտի մի անգամ եւս համոզվեինք նրանց անմեղսունակության մեջ: Եվ ոչ միայն պարգեւատրել: Այդ ինքնախոստովանությունից հետո հարկ է, որ մարդաբանները զբաղվեն ՀՀԿ խմբակցության պատգամավորներով. նրանք առանց մտածելու անհոդաբաշխ ինչ-որ հնչյուններ արձակելու եւ ինչ-որ գործողություններ կատարելու փայլուն նմուշօրինակներ են տալիս ամեն օր, եւ կարելի է հրաշալի տվյալներ ստանալ «հոմո սապիենսի» առաջացման ժամանակների վարքուբարքի վերաբերյալ:
Բայց եթե Գալուստ Սահակյանն արժանի է պարգեւատրման, ապա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանով հարկ է, որ հայրենի Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի՝ շտապ հրավիրելով հարցաքննության: Հարցնում եք՝ ինչո՞ւ: Ասեմ: Նա երկուշաբթի օրվա՝ մարտի 10-ի նիստում մի այնպիսի ինքնախոստովանական ցուցմունք է հրապարակել, որը պետք է հետաքրքրի հատուկ ծառայություններին:
Արձագանքելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Հովիկ Աբրահամյանը ասել է. «Բոլորս գիտենք՝ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք՝ ով ում գործակալն է» (տե՛ս ):
Նախ՝ երեւի հարկ է խնդրել, որ սույն պարոնը նման դեպքերում չխոսի բոլորի անունից. այդ բոլորից մեկը ես եմ, եւ չգիտեմ՝ ով ում գործակալն է (սա հատուկ ասում եմ, որ ԱԱԾ-ն ինձ էլ հարցաքննության չկանչի): Երկրորդ՝ եթե Հովիկ Աբրահամյանը գիտի, թե ով ում գործակալն է, ապա նա խիստ կարեւոր ինֆորմացիայի է տիրապետում, եւ հարկ է, որ Ազգային անվտանգության ծառայությունը շտապ նրան հարցաքննի: Ամեն օրվա ուշացումը հղի է վտանգով, որ չբացահայտված գործակալները կարող են վնաս տալ Հայաստանի անվտանգությանը: Մանավանդ՝ հարկ է, որ Հովիկ Աբրահամյանն իր իմացած ամբողջ ցանկից ԱԱԾ-ին ներկայացնի գոնե Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների գործակալների տվյալները… Ինչ ասես՝ կարող է պատահել այս օրերին: Այնուհետեւ հարկ է Հովիկ Աբրահամյանին մեկուսացնել հասարակությունից, մանավանդ՝ այլեւս չթողնել արտասահման. դե, մեկ էլ տեսար խոսքի մեջ առանց մտածելու (կամ, Գալուստ Սահակյանի ասած՝ ինքն էլ չիմանալով, թե ինչու) բլթացրեց գործակալական ցանցի մասին իր ունեցած ողջ ինֆորմացիան կամ, որ ավելի վատ է, վաճառեց այդ ինֆորմացիան: Չէ՞ որ առքուվաճառքը նրա բիզնես հետաքրքրություններից է… Իսկ եթե նա գիտի նաեւ Հայաստանի ԱԱԾ-ի գործակալների՞ն եւ այդ մասին էլ հանկարծ խոսի՞… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հարված կլինի ազգային անվտանգությանը: Հարկ է, որ ԱԱԾ-ն զբաղվի նաեւ Հովիկ Աբրահամյանի անձի անվտանգության ապահովմամբ. չէ՞ որ այդ խոստովանությունից հետո նա արտասահմանյան հատուկ ծառայությունների համար, հաստատ, հետաքրքրություն ներկայացնող թիրախ է: Բա որ առեւանգեն եւ ստիպեն բացահայտե՞լ գործակալական ցանցը: Եվ վերջապես՝ ասելով, թե գիտի՝ ով ում գործակալն է, Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, խոստովանել է «իմանալ-չհայտնելու» մասին: Իսկ դա արդեն քրեական հանցագործություն է…
… Թող ներեն ինձ իմ հավատարիմ ընթերցողները, պիտի ինքս ինձ կրկնեմ եւ այս հոդվածն էլ ավարտեմ նախորդի նման. շնորհակալություն հայտնելով նյութիս հերոսներին քրքիջներիս համար՝ թախանձագին խնդրում եմ, շարունակեք ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ ու մեզ զվարճացնել, մեկ է՝ ձեզանից ուրիշ օգուտ վաղուց չենք սպասում…
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Շատ հոյակապ էր :
Ազգովի գործակալ եք, ազգովի:Ազգի 40%-ը ոստիկան է, 59%–ը գործ տվող ու ագենտ: Մարդակերության և մազոխիզմի տաճար ԱԱԾ-ի ջահակիր հրեշտակներ են լա~~~վ տղեքը հզոր հայոց կիսադատարկ տարածք պետության:Այժմ միայն ես չեմ այս հիմնավոր կարծիքին, աշխարհի համար դա արդեն նորություն չէ:Որձահայ որակը կործանեց իր երկիրը և աշխարհի անտարբերությունը էթնոսի ճակատագրի հարցում արդարացված է: