Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինը կհանրայնացվի՞

Մարտ 13,2014 14:40

ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմադիրներին հորդորում է
«խնդիրն անձնական ամբիցիաներից եւ նկատառումներից առանձնացնել»

«Հանրային հեռուստաընկերությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերություն է եւ պետք է ապահովի պետության ավելի լայն շերտերին ավելի բարձրակարգ տեղեկատվություն հաղորդելու գործընթացը: Այս առումով շատ կարեւոր է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետության կողմից որոշակի արժեքային համակարգին ուղղված պատվեր կարողանա իրականացնել: Օրենքի փոփոխությունը տալիս է այդ հնարավորությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով խորհրդարանում երկու օր քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին: Հիշեցնենք, որ խոսքն օրենքում առաջարկվող երկու փոփոխությունների մասին է: Առաջինով գիշերային ժամերին թույլատրվում է օղու գովազդը, երկրորդով՝ Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է գովազդի ցուցադրումը՝ բացի սոցիալական գովազդից, ինչպես նաեւ կրթամշակութային եւ սպորտային հաղորդումներում հովանավորների մասին կարճ տեղեկություններից: Մեր զրուցակիցը համոզված է, որ երկրորդ նախագիծը լուծում է լուրջ խնդիր, որի կարիքը մեր պետությունն ու հասարակությունն ունեն: «Էժանագին, ոչ հայերեն լեզվով գովազդները, որոնք հեշտ հասանելի են, գոնե Հանրային հեռուստաընկերությամբ չեն լինի: Հանգիստ կարող ենք հեռուստացույցը միացնել ու երեխաների հետ դիտել` չվախենալով, որ այդ պահին կարող է հակադաստիարակչական թեմայով գովազդ լինել»: «Առավոտի» դիտարկմանը, որ այդ նյութերը, միեւնույն է, մյուս՝ մասնավոր հեռուստաընկերություններով շարունակելու են հասանելի լինել, մեր զրուցակիցը համաձայնեց` հավելելով, որ այս պարագայում գոնե մեկ հեռուստաընկերություն կլինի, որը զերծ կլինի նմանատիպ բաներից, ու դա անպայման պետք է լինի Հանրայինը, քանի որ այն գործում է հարկատուների վճարած հարկերի շնորհիվ: «Կամաց-կամաց այդ քայլերը տանում են նրան, որ մենք գոնե ունենանք մի դասական հեռուստաընկերություն, որը պետք է մեր պետության քաղաքացու ճիշտ արժեհամակարգի ձեւավորման համար»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ գովազդի մեկ վայրկյանը մարդու վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան մեկ էջ տեղեկատվական նյութը, եւ եթե գովազդատուի համար հոգ չէ մեծ գումարներ ծախսել գովազդի վրա, ապա պետության համար դա հոգս է դառնում:

Պատգամավորը միաժամանակ գտնում է եւ առաջարկով արդեն հանդես է եկել, որ «սոցիալական գովազդ» սահմանման տակ հստակ չափորոշիչներ սահմանվեն, որպեսզի սոցիալական գովազդի անվան տակ հնարավոր չլինի այլ նյութեր, թաքնված գովազդներ «սղացնել», նաեւ հասկանալի լինի, թե սոցիալական գովազդն ինչ չափանիշներ ու չափորոշիչներ պետք է ունենա: Դրանք, կարծում եմ, կառավարության համապատասխան ակտերով պետք է սահմանվեն: «Քննարկումների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ ընթացքում պարզ կլինի, կտուգանենք, բայց ցանկացած օրենք արժեքավոր է, երբ հաշվարկված են նաեւ ռիսկերը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:

Առաջարկվող փոփոխությունները հանդիպեցին ընդդիմադիրների հակազդեցությանը: ՀԱԿ պատգամավորը Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ վերջին տարիներին ամեն ինչ արվում է Հանրային հեռուստատեսությունը նսեմացնելու համար, ինչպես նաեւ ամեն ինչ արվում է Վատիկանում Հայաստանի դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Արմենիա» հեռուստատեսությանը եւ դրա արբանյակ հեռուստատեսություններին օգուտ տալու համար: Նա ասաց, որ փաստ է՝ Հանրայինին գովազդից զրկելու դեպքում այդ 1,5 մլրդ դրամի գովազդային գումարը գնալու է Միքայել Մինասյանին պատկանող հեռուստատեսություններ: Մյուս ընդդիմադիրների մոտեցումները համանման էին: Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորը բերեց հայտնի օրինակը` կիսով չափ լիքը բաժակի մասին. լավատեսներն ասում են՝ այն կիսով չափ լիքն է, վատատեսներն ասում են` կիսով չափ դատարկ է: «Ձեռնարկը, որը միտված է ոլորտի բարելավմանը, ու դրանում տեսնում ենք ոչ թե խնդիրները, այլ մի բաժակ ջրում փոթորիկ ենք սարքում, ճիշտ մոտեցում չէ: Եթե խնդիրը շեղում ենք նպատակից ու ցանկացած հնարավորություն օգտագործում եմ՝ պարզապես իմ մտքինն ասելու, դա արդեն ճիշտ մոտեցում չէ: Ցանկացած լավի մեջ վատ բան տեսնելն առաջ տանող գործընթաց չէ: Պետք է կարողանանք խնդիրն անձնական ամբիցիաներից եւ նկատառումներից առանձնացնել: Առաջինից երկրորդ ընթերցում ժամանակ կա` առաջարկներ ներկայացնենք, տանք հնարավորություն խնդիրները լուծելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31