Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական աստիճանները կապ ունե՞ն գիտության հետ

Մարտ 13,2014 14:25

Կա՞ մեկը, ով չգիտի բանակից ազատվելու գները: Եթե կա էլ`շատ արագ կբացատրեն: Օրինակ, կաշառք վերցնելիս կձերբակալեն որեւէ բժշկի, մանրամասն կբացատրեն «բռնված» գումարի չափը եւ քանի հավաք էր ազատելու այդ գումարով: Մնացածն արդեն հասցված է «ավտոմատի»` մաղադանոսի գնից մինչեւ բուհ ընդունվելունն արագ վերահաշվարկվում է եւ ներկայացվում հանրությանը: Բանակից ազատվելու բազմաշերտ համակարգի գագաթնակետը ԲՈՀ-ն է (Բարձրագույն որակավորման հանձնաժողով), որը շնորհում է գիտական աստիճան, ինչը «գժի թղթից» ավելի հզոր փաստաթուղթ է բանակից ազատվելիս: Մի պարզ պատճառով` «գժությունը» պարբերաբար ստուգվում է, իսկ «գիտնականությունը»՝ ոչ: Հիմա սկսել են ԲՈՀ բառով վախեցնել իրար: Լրագրողները գոռում են ԲՈ՜Հ ու վերջ`սկսվում է պանիկան:

Վերջին 10 տարում ԲՈՀ-ը աշխատում էր որպես հզոր ֆինանսական համակարգի մաս: Բանակից խուսափողներն ազատվում էին, չինովնիկները ինչ-որ կոչումներ էին ստանում, տարբեր երկրներում ստացված անհեթեթ պատվոգրերը վերահաստատվում էին ՀՀ տարածքում որպես գիտական աստիճան, մի քանի հոգի էլ (հիմնականում բնական գիտությունների բնագավառում) ազնվորեն պաշտպանում ու ստանում էին իրենց գիտական աստիճանները: Վերջիններիս իսկապես տաժանակիր աշխատանքով որոշ չինովնիկներ «գիտական գործունեության» խաբկանք էին ստեղծում, եւ ամեն ինչ հասկանալի էր եւ «թվերը» հայտնի: «2008 թվականին պաշտպանվել են 520 թեկնածուական եւ 46 դոկտորական ատենախոսություններ`գիտության 20 մասնագիտությունների գծով», կարդում ենք ԳՊԿ կայքում: Եվ միանգամից պարզ են դառնում թվերը եւ հետաքրքրության չափը: Այս ամենը կապ չունի գիտության հետ: Սա «հայաստանյան գիտություն» է` բոլոր գիտական հարցերից ինքնաբացարկ տված Գիտությունների Ակադեմիայով եւ անմեղսունակ Գիտպետկոմով: Այդ իսկ պատճառով դեռ մի քանի տարի առաջ առաջարկել էի ստեղծել գիտական աստիճանների պարզագույն համակարգ առանց մասնագիտությունների` «հայկական գիտությունների թեկնածու կամ դոկտոր» աստիճաններով: Թե չէ՝ տնտեսագիտություն, աշխարհագիտություն ու էլ եսիմ ինչ……

Վկայականն էլ «աշխատում» է Երեւանից մինչեւ Սադախլո: Բայց դե ինձ լսողն ո՞վ է: Ոչ օրենքներն են փոխվել, ոչ էլ երեւացող հրահանգ կա՝ էս ի՞նչ է պատահել: Պարզվում է, պարզապես փոխվել է ԲՈՀ-ի նախագահը եւ ուրիշ ոչինչ: Եվ համակարգը սկսել է աշխատել: Արդեն 63 աշխատանք պաշտպանությունից հետո չի հաստատվել տարբեր պատճառներով: Այս համատարած «ջարդը» քանդում է ֆինանսական համակարգի հիմքերը: Բանակից «գիտության» միջոցով ազատվելը դառնում է դժվարամարս` ստիպված պետք է նոր մեթոդներ «մոգոնեն» ազատելու համար: Չինովնիկները ոչ իրենք իրենց են կարողանալու կոչումներ տալ, ոչ էլ յուրայիններին: Եվ ամենակարեւորը՝ «ցամաքում» է չգրանցված փողերի հորդառատ աղբյուրը, որին երազկոտ հայացքով, բայց մեծ համառությամբ ձգտում են տարբեր չինովնիկներ: Իսկ ո՞ւմ է օգուտ այս ամենը: Մի քանի գիտության նվիրյալների՞, որոնք, չնայած օրեցօր աճող դժվարություններին, շարունակում են համառ աշխատել: Ախպոր պես, սրանց ո՞վ է հաշվի առնում: Իհարկե, ես հավատում եմ, որ ԲՈՀ-ի նոր նախագահը (որին, ցավոք, չեմ ճանաչում) ցանկանում է առողջացնել մթնոլորտը գիտության ասպարեզում: Բայց նույնքան էլ վստահ եմ, որ «հետաքրքրված» կազմակերպությունները եւ մարդիկ ամեն ինչ կանեն, որ դա տեղի չունենա` լուրջ թվեր են «պտտվում»: Բայց դե, որ արդեն «ԲՈ՛Հ» անելուց որոշ մարդիկ ցնցվում են՝ ահագին առաջխաղացում է:

ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին «Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի» նախկին աշխատակից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31