Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը, որպես պատասխանող կողմ, դատարան էր հրավիրել նաեւ մահացածին (Տեսանյութ)

Մարտ 13,2014 14:20

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Շինարարների փողոցի 15 վթարային շենքի բնակիչների դեմ Երեւանի քաղաքապետարանի` բնակիչներին բնակարաններից վտարելու պահանջով նախնական դատական նիստը: Նիստն անցկացվեց դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ: Հայցվոր կողմի ներկայացուցիչն էր Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության աշխատակից Հրանուշ Ներսիսյանը, իսկ պատասխանող կողմի` Անուշ Գասպարյանի ներկայացուցիչն էր Սերգեյ Մկրտչյանը:

Երեւանի քաղաքապետարանը վթարային շենքի բնակիչներին հատկացրել էր նոր բնակարաններ, սակայն այդ նույն վթարային շենքում դեռեւս ապրում են քաղաքացիներ, որոնք քաղաքապետարանի գործողությունները համարում են ահամաչափ: Հավելենք, քաղաքապետարանի կողմից շենքում մնացած բնակիչների նկատմամբ կատարվել էին բազմապիսի գործողություններ` անջատել էին գազը, կտրել ջրագիծը եւ էլեկտրականությունը: Այդ դժվարին պայմաններում դեռեւս շարունակում է տիկին Անուշի ընտանիքի պայքարն ընդդեմ քաղաքապետարանի, որոնք պահանջում են, որ իրենց երկու առանձին բնակարաններ հատկացվեն, քանի որ ներկայիս իրենց վթարային շենքի բնակարանում բնակվում է երկու ընտանիք: Այդ պահանջին դեմ գնալով՝ քաղաքապետարանն իրենց ընտանիքին բնակարանից վտարելու պահանջ է ներկայացրել: Դատական նիստի ժամանակ պատասխանող կողմի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանն ասաց, որ քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել վստահորդի դեմ եւ դրա կրկնօրինակը չի ուղարկել, որն էլ տիկին Անուշն ինքն անձամբ է գնացել ու վերցրել՝ բոլորովին վերջերը, այդ իսկ պատճառով հայցին գրավոր պատասխան դեռեւս չեն ներկայացրել: Սերգեյ Մկրտչյանը դատարանին ներկայացրեց տիկին Անուշի հոր` Վազգեն Գասպարյանի մահվան վկայականը, քանի որ քաղաքապետարանը, որպես պատասխանող, դատարան էր հրավիրել նաեւ մահացածին: Սերգեյ Մկրտչյանը նաեւ շեշտեց, որ Անուշ Գասպարյանը քաղաքապետարանի որոշումն անվավեր ճանաչելու եւ պարտավորեցնող բարենպաստ վարչական ակտ կայացնելու հայցադիմում է ներկայացրել Հայաստանի վարչական դատարանում, որը կայանալու է 2014 թվականի ապրիլի 16-ին:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տիկին Անուշի այդ հայցն արդեն քանի ամիս է՝ դատարանում է, սակայն դեռ նոր է նախնական դատական նիստի օր նշանակվել, իսկ քաղաքապետարանի` բնակիչներին շենքից վտարելու պահանջով հայցը կարճ ժամկետում ընդունվել է վարույթի եւ արդեն իսկ կայանում է նախնական դատական նիստը: Այդ մասին դատավոր Անի Մխիթարյանը հայտնեց. «Քանի որ քաղաքապետարանի հայցի պահանջում գրված էր, որ շենքը 4-րդ կարգի վթարային է եւ այն ամեն րոպե կարող է քանդվել, այդ իսկ պատճառով հարցի հրատապությունից ելնելով՝ նիստի օրը կարճ ժամկետում է նշանակվել»: Սերգեյ Մկրտչյանը հայտնեց, թե` չկա այնպիսի օրենքի պահանջ, որ քաղաքացուն բնակարանից վտարեն եւ դա օրենքի խախտում է: «Վտարում են բնակչին ու այդպիսի հայցով դատարան են մտնում: Բա այդ բնակիչն ո՞ւր է գնալու: Դո՞ւրս են վտարում: Դե, եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն, 4-րդ կարգի վթարային շենքը քանդվի եւ անձը մահանա, թե՝ դրսում: Անուշի մայրը` Անգին Գասպարյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է, եւ նա ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել` շարժունակ չէ: Այդ անձին դո՞ւրս են վտարում»,- ասաց Սերգեյ Մկրտչյանը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը ի պատասխան Սերգեյ Մկրտչյանի` ասաց. «Քաղաքապետարանն անձանց տնից դուրս չի հանում ու թողնի դրսում, այլ վթարային բնակարանի դիմաց նոր բնակարան է նվիրում, սակայն իրենք հրաժարվել են եւ պնդում են, որ քաղաքապետարանն իրենց փողոց է հանում»:

Սերգեյ Մկրտչյանը միջամտություն արեց քաղաքապետարանի ներկայացուցչին եւ ասաց. «Եթե հայցապահանջ եք ներկայացնում բնակարանից վտարման մասով, ապա նշեք, թե ուր եք վտարում: Եթե բնակարանից բնակարան եք վտարելու, ապա այդպես նշեք, իսկ դուք պահանջ եք ներկայացնում միայն վտարելու մասին եւ չեք նշում, թե ուր»: Պատասխանողի ներկայացուցիչը շտապեց ասել նաեւ, որ նվիրատվության պայմանագիր չի ներկայացվել, որին էլ հակառակ` հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց, թե` կարող է դա էլ ներկայացնել: Դատավոր Անի Մխիթարյանն իր հերթին հայցվոր կողմին ասաց, որ առանց նվիրատվության պայմանագրի ոչինչ չի լինում եւ իրենք պետք է դա պարտադիր ներկայացնեն: Հրանուշ Ներսիսյանը հայտնեց, որ քաղաքապետարանն առայսօր պատրաստ է նվիրատվության պայմանագրով տիկին Անուշի ընտանիքին նվիրել երեք սենյականոց բնակարան` իրենց երեք սենյականոցի դիմաց: Դատավորի այն հարցին, թե` այդ պայմանով հնարավո՞ր է հաշտություն կնքվի հայցվորի եւ պատասխանողի միջեւ, պատասխանողն ասաց. «Ոչ, քանի որ որոշման մեջ նույնիսկ բնակարանի մակերեսը չի նշվել»: Դատավորը դատական նիստը հետաձգեց եւ նշանակեց 2014 թվականի մարտի 27-ին, ժամը 14-ին: Տիկին Անուշը «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք պետությունից անօրինական ոչինչ չեն պահանջում եւ շեշտեց, որ նույնիսկ քաղաքապետարանի կողմից իրենց հատկացվող նոր բնակարանն ավելի քիչ բնակմակերես ունի, քան իրենց վթարային շենքի ներկայիս բնակարանը. «Մենք այդ հարցն ենք ուզում հասկանանք: Եթե բնակարան են հատկացնում, ապա ինչո՞ւ է բնակմակերեսը պակաս»:

Մանրամասները տեսանյութում

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարում՝ Անուշ Գասպարյանը

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31