Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ փոխնախագահ. «Չէի ցանկանա, որ մեր եթերում թունդ ալկոհոլային խմիչք գովազդենք». «Հայոց աշխարհ»

Մարտ 13,2014 12:47

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ  մասնավոր հեռուստաընկերությունները ֆինանսապես աջակցելու առումով նախագիծը դրական է գնահատում, առավել եւս, որ խոսքը գերշահույթ ապահովելու մասին չէ, այլ հեռուստաընկերությունների գովազդի սահմանափակման պատճառով կորցրած գումարները վերադարձնելուն է վերաբերում:

«Այսօր հեռուստաընկերություններն իրոք շատ վատ վիճակում են, իսկ լրացուցիչ ապրանքի գովազդի թույլտվությունը նրանց հնարավորություն կտա համալրել բյուջեն: Այդուհանդերձ չէի ցանկանա, որ մեր եթերում թունդ ալկոհոլային խմիչք գովազդենք: Նույն հաջողությամբ կարող ենք հետագայում ծխախոտ գովազդել` դառնալով ծխելու երեւույթի ջատագովը:

Պարզապես սա այլընտրանք չունեցող տարբերակ է: Լավ կլինի, որ դա ժամանակավոր միջամտություն լինի, մինչեւ գումար աշխատելու այլ տարբերակներ ստեղծվեն»,- ասում է Ժ.Դադասյանը:

Ինչ վերաբերում է ոգելից խմիչքի գովազդի թույլատրմանը` զրուցակիցս նկատեց, որ հայերս ոգելից խմիչքի գովազդից վախենալու պատճառ չունենք, քանի որ մեր ազգային տեսակով հակված չենք հարբեցողության: Ուստի այս նախագծի ընդունումն էլ այնքան մեծ մտահոգություն չպետք է առաջացնի, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանում, Լեհաստանում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդումն իրոք խնդրահարույց է` ելնելով խմիչքի հանդեպ նրանց «ազգային» սիրուց:

Խնդրի մասին զրուցեցինք նաեւ հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ` պարզելու համար, թե գովազդն ի՞նչ անմիջական ազդեցություն կարող է գործել մարդու հոգեբանության, նրա վարքի վրա, որպեսզի հասկանանք, թե ոգելիցի գովազդը որքանո՞վ է վնասակար մեր հասարակությանը։
Հոգեբանը նախ զգուշացրեց, որ օրինագիծը մշակողների սահմանած ժամանակահատվածը, որի ընթացքում կարելի է գովազդել թունդ ալկոհոլը, ամենեւին էլ «անվտանգ» չէ դեռահասների համար, քանի որ նրանք հեռուստաէկրանի առջեւ նստում են հատկապես երեկոյան ժամերին` մինչեւ կեսգիշեր: Իսկ այդ տարիքը առավել խոցելի է ընկալունակության առումով, ու գովազդն էլ կարող է նրանց վրա համապատասխան բացասական ազդեցություն գործել:
Պատանիների շրջանում մեծ երեւալու հակում կա, եւ նրանք ավելի շատ են հակված տարվելու վնասակար սովորույթներով, որոնք, իրենց կարծիքով, մեծացնում են, «հասունացնում»: Եվ եթե գովազդի միջոցով դեռահասը հասկանա, որ, օրինակ, ոգելից խմելը թույլատրելի է` նրան այլեւս հնարավոր չի լինի հետ պահել: Արդյունքն այն կլինի, որ պատանիների, շատ երիտասարդների շրջանում խմիչք օգտագործողների թիվը կավելանա, կամ օգտագործողները կսկսեն ավելի շատ խմել:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31