Տարբեր տրամաչափի հանրապետականներն իրար հերթ չտալով հարցազրույցներ են տալիս «առ այն», որ իրենք քաջ են, ոչնչից չեն վախենում եւ մտահոգված չեն քաղաքական չորս ուժերի հնարավոր համագործակցությամբ։
Տեսականորեն իշխանությունների այս ինքնավստահությունը կարող է մի քանի պատճառ ունենալ։
1. Նրանք վստահ են, որ չորս կուսակցությունների համագործակցությունը չի կայանա, որովհետեւ այնտեղ իրենց «հաճախորդներն» ունեն եւ համոզված են, որ վերահսկում են իրավիճակը։ Չենք վիճում, գուցեեւ այդպես է։ Բայց արդյո՞ք սրանից ինչ-որ բան փոխվում է։ Լավ, ենթադրենք՝ չորս ուժերը «միասնական օրակարգի» հարցում լեզու չգտան ու սկսեցին դրա համար մեղադրել միմյանց։ Եվ ի՞նչ, այս իշխանություններից զզված 2,5 միլիոն մարդիկ (Սերժ Սարգսյանի ասած 80 տոկոսի մասին է խոսքը) անհետանալո՞ւ են։ Բոլորը միասին արտագաղթել չեն կարող (բոլորը չէ, որ գնալու տեղ կամ ցանկության ունեն), այս իշխանություններից հույս չկա, դրական փոփոխության միտում չկա, կյանքն օրեցօր վատանում է, ու հասկանալի է՝ այս ամենը մի օր պայթելու է։ Եվ մեծ հաշվով՝ որեւէ նշանակության չունի, թե ինչպիսին կլինի այդ չորս ուժերի վերաբերմունքը պայթյունի նկատմամբ։ Ընդ որում՝ ինքնաբուխ, անվերահսկելի ապստամբությունները շատ ավելի դաժան են լինում կոնկրետ իշխանավորների եւ նրանց մարմնի առանձին մասերի նկատմամբ։
2. Իշխանությունները հույս ունեն, որ ապստամբության դեպքում ընդդիմությունն, այնուամենայնիվ, կփորձի վերահսկել իրավիճակը եւ ողջամտության կոչ կանի ժողովրդին՝ հաշվի առնելով երկրի վիճակը, արտաքին վտանգները եւ այլն։ Պարզ ասած՝ իշխանությունները հույսը դրել են ընդդիմության ողջամտության եւ հայրենասիրության վրա։ Երեւի ճիշտ են արել, բայց այստեղ մի վտանգ կա. իսկ եթե հանկարծ ապստամբած ժողովուրդն ընդդիմության հորդորները բանի տեղ չդնի՞։
Կարդացեք նաև
3. Իշխանությունները վստահ են, որ ամեն դեպքում ներքին զորքերով, բանակով-բանով արյան մեջ կխեղդեն ցանկացած ապստամբության։ Պետք լինի՝ մի քանի հարյուր մարդ կսպանեն, Արեւմուտքն էլ թող ինչքան ուզում է՝ «հաչա», Հայաստանն արդեն Մաքսային միությունում է ու «փաթթած ունի» այդ ամենը, կարեւորը՝ որ Ռուսաստանը երեւի ձայն չի հանի։ Եթե այս տարբերակն աչքի առաջ ունենալով են իշխանություններն այդքան ինքնավստահ՝ պիտի հիասթափեցնենք։ Այս անգամ «խիյարը» կարող է թարս բուսնել։ Համենայն դեպս կա նաեւ այդպիսի հավանականություն։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում