«Սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում մեծ քաղաքական կյանք չկա: Կա կատարողական կյանք. այսինքն՝ ինչ-որ հանձնարարում են մեզ քաղաքական դաշտի տերերը, այն էլ կատարում ենք: Սցենարիստը Հայաստանում չէ, ՀՀ քաղաքական կյանքից դուրս է»,-այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Ըստ նրա՝ ինչ-որ մեկը հանձնարարում է, թե ընդդիմությունը ինչ դիրքորոշմամբ պիտի հանդես գա, այդ դերն էլ կատարում է:
Այնուհետև խոսելով հրաշալի քառյակի հանդիպումների մասին ասաց. «Հետաքրքիր է նայել այդ ներկայացումները, հիմա հարկավոր է կթվորուհի գտնել: Բոլորը խորհրդակցում են, թե ով ավելի լավ կկատարի դեզդեմոնայի դերը: Հիմա հարկավոր է գտնել խեղդվող աղջիկ»:
Ըստ Ազատ Արշակյանի՝ իշխանությունում էլ կան կթվորուհիներ. «Կթվորուհիներ ասում եմ՝ հիշելով այն ժամանակները, երբ ԱԺ-ում կային քվոտաներ կթվորուհիների, գիտնականների, մտավորականների: Ես նման տպավորություն ունեմ»:
Պարոն Արշակյանը հանդիպող չորս մանդատավոր ընդդիմադիրներին «կվադռատ» անվանեց: Aravot.am-ի հարցին՝ այդ ներկայացման մեջ դերերն ինչպե՞ս են բաշխված, պարոն Արշակյանը պատասխանեց՝ «Ըստ շնորհալիության»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հիշեցրեց, թե Լևոն Զուրաբյանը վստահեցնում էր, որ ընդդիմության այդ հանդիպումներից հետո շուտով շատերը միկրոինֆարկտ կտանեն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր ՀՀԿ-ում «վալերյանկայի» կոճակներ ընդունելու կարիք լինի: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Առաջինը իրենք պիտի խմեն այդ «վալերյանկայի» կոճակները: Մի քիչ շրջահայաց լինելու պարագայում կարելի է դա հասկանալ, հատկապես այն պարագայում, երբ տեսնելով, թե այդ գաղափարախոսությամբ և գործունեությամբ իրենց ղեկավարությունը ում մոտ է գնում: Ծառուկյանը եղել է մեր գործընկերը, աշխատել է մեզ հետ կոալիցիայում: Նույն Ծառուկյանի քաղաքական գործունեությանը խանդով ու թշնամանքով վերաբերվող մարդիկ հիմա գնում են նրա մոտ»:
Հարցին՝ ՀՀԿ-ն վախենո՞ւմ է, պարոն Մինասյանը պատասխանեց, որ վախենալը քաղաքական կատեգորիա չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ