Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 12 տարի անց միայն հանկարծ հեռուստաընկերությունները հիշեցին, որ ալկոհոլի գովազդի բացակայությունն իրենց վնասում է. «168 ժամ»

Մարտ 13,2014 11:49

Շուտով հայրենի հեռուստաալիքները մեզ կսկսեն համոզել գնել ալկոհոլ, որպեսզի բարելավվի թե ալկոհոլ վաճառողների, թե իրենց՝ հեռուստաընկերությունների վիճակը։ Ի՞նչ է տալու այս փաթեթն իրականում։ Նախ՝ նշենք, որ ալկոհոլի գովազդի ամբողջական արգելքը հեռուստաընկերությունների եթերում օրենսդրությամբ արգելվել է 2002 թվականի կեսերից։ Այսինքն՝ հայկական հեռուստաընկերությունները ներկայիս մեխանիզմով աշխատում են մոտ 12 տարի։ Իսկ ինչո՞ւ 12 տարի անց միայն հանկարծ հեռուստաընկերությունները հիշեցին, որ ալկոհոլի գովազդի բացակայությունն իրենց վնասում է։ Իրականում, միշտ են հիշել։ Սակայն նեղն ընկել են միայն վերջերս՝ վերջին 2-3 տարվա ընթացքում։

Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011 թվականին հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտի (հեռուստաընկերությունների) հասույթը կազմել է 10.5 միլիարդ դրամ։ 2012 թվականին հասույթը նվազել է մինչև 8.5 միլիարդ։ Իսկ 2013 թվականը հեռուստաընկերությունները փակել են 7.8 միլիարդ հասույթով։ Ըստ երևույթին՝ դանակը հասել է ոսկորին, և հեռուստաընկերությունները որոշել են, որ պետք է շտկել ֆինանսական վիճակը՝ ալկոհոլի գովազդի միջոցով։ ԱԺ-ում հնչած հայտարարություններից դատելով՝ կարող է տպավորություն ստեղծվել, որ հեռուստաընկերությունների դժբախտության պատճառը հենց ալկոհոլի գովազդի արգելքն է։ Նրանք չունեն բավարար միջոցներ։ Արդյունքում՝ հեռուստաընկերությունների դժբախտությունը դառնում է նաև մերը՝ հեռուստադիտողներինը, քանի որ անբավարար միջոցների պատճառով մեզ հրամցնում են անորակ և անճաշակ եթեր։ Թվում է, որ մոտավոր հաշվարկներով՝ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչև լրացուցիչ 1 մլրդ դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը։

Ընդունենք, որ այդպես է, և, որ հեռուստաընկերությունները կորուստներ են կրում ալկոհոլի գովազդի արգելքի պատճառով։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ մինչև 2012 թվականը հեռուստաընկերությունների հասույթն աճել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։

Տեսեք՝ 2006 թվականին հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ոլորտի (հեռուստատեսություններ և ռադիոընկերություններ) հասույթը կազմել է 2,9 միլիարդ դրամ, 2007 թվականին՝ 3.1 միլիարդ դրամ, 2008 թվականին՝ 3.3 միլիարդ, 2009-ին՝ 4.7 միլիարդ։ Իսկ 2011-ին, ինչպես արդեն նշեցինք, միայն հեռուստաընկերությունների հասույթը (առանց ռադիոյի) կազմել է 10.5 միլիարդ դրամ։

Հիշեցնենք, որ այս ամբողջ ժամանակահատվածում ալկոհոլի գովազդն ընդհանրապես արգելված է եղել հեռուստատեսությամբ, սակայն դա չի խանգարել եկամուտների աճին։ Այստեղից հետևություն՝ հեռուստատեսությունների դժբախտությունների պատճառն ալկոհոլի գովազդը չէ։ Այդ գովազդը պարզապես փրկօղակ է՝ դժվարությունները հաղթահարելու համար։ Թեպետ խիստ կասկածելի է, որ դա կլուծի հեռուստաընկերությունների խնդիրները։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31