Ս/թ մարտի 8-ի լրահոսին հետեւելով՝ կտեղեկանանք, որ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը նվեր է արել շուրջ հազար կանանց, այնքանով, որ նրանց անվճար համերգ է կազմակերպել Երեւանի Օպերայի եւ բալետի պետական թատրոնում։
Այս ամենը լավ է, բայց պարզվում է, որ համերգը ոչ թե Ռիտա եւ Սերժ Սարգսյանների հաշվին է կազմակերպվել, այլ մեր բոլորիս, այսինքն ՀՀ պետական բյուջեի։ Կառավարության այսօրվա նիստում հարց է ընդգրկված, որով նախատեսվում է 22,4 միլիոն դրամ տրամադրել համերգի ծախսերի փոխհատուցման համար։
Հարցը ներկայացնելու է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, եւ գումարը նվիրաբերվելու է «Հայկական ջազի 70 տարին» հասարակական կազմակերպությանը։ «Ժամանակակից հասարակության լայն շրջանակների համար կանանց միջազգային տոնը ամենասիրվածներից եւ պահանջարկ վայելողներից մեկն է, ինչպես նաև համերգային ծրագրի միջոցով հայ կնոջ դերի վերաիմաստավորման եւ բարձրացման նպատակով նշված ծրագրի իրականացումը կարեւորվում է»,- ասված է հիմնավորման մեջ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում