Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քառյակի օրակարգում կա՞ նախագահի հրաժարականի հարցը. «Ժամանակ»

Մարտ 13,2014 10:42

«Քառյակի օրակարգում չկա նախագահի հրաժարական»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Վերջինս նաև հավելեց, թե ԲՀԿ-ՀԱԿ երեկ կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել:

Հիշեցնենք, այդ հանդիպումից դուրս գալուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այդ հանդիպմանը խոսել են իշխանափոխության և նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին: Լ. Զուրաբյանի հայտարարությունից անմիջապես հետո ԲՀԿ-ն կարծես թե «կոնտր» հայտարարություն տարածեց, որի մեջ մասնավորապես նշված էր, թե «ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ… ԲՀԿ-ի մոտեցումների հիմքում առաջին հերթին ընկած է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության անընդունելիությունը, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա իրականությունը»: Այսպիսով, ԲՀԿ-ն կարծես թե փորձում էր չեզոքացնել Լ. Զուրաբյանի այն հայտարարությունը, թե հանդիպմանը խոսել են նաև նախագահի հրաժարականի անհրաժեշտության մասին:

«Այդպիսի հարց հանդիպման ժամանակ չի քննարկվել: Դա օրակարգի ճշտման ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը: Ասել է, որ իրենց համար օրակարգում մշտապես եղել է և կա այդ հարցը»,- այսօր ասաց Ս. Մարգարյանը և ավելացրեց, թե հետո որևէ մեկը չի անդրադարձել այդ հարցին:

ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի այս հակասական հայտարարություններին մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձավ նաև Լ. Զուրաբյանը՝ ասելով, թե «որևէ հարցի քննարկում չի բացառվում, որևէ տաբու չկա, հարցերը բարձրացվում են տարբեր ուժերի կողմից, և մենք աստիճանաբար գալիս ենք համաձայնության»: «Ու ես չեմ հասկանում, ճիշտն ասած, ձեր սկեպցիսը: Ինչու եք դուք համարում, որ եթե մի ուժ այսօր հրապարակայնորեն խոսում է մի դիրքորոշման մասին և չի խոսում, որ ասենք՝ նա ապագայում այդ քայլը կանի, դա նշանակում է, որ նա այդ քայլը չի անի: Ես չեմ հասկանում ձեր այդ կասկածամտությունը, չհավատալու, հույս չունենալու ձեր այս կեցվածքը»,- ավելացրեց նա:

Պարոն Զուրաբյան, չորս խմբակցությունների օրակարգում նախագահի հրաժարականի պահանջ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: 

– Նախագահի հրաժարականի պահանջի հարց բարձրացվել է ՀԱԿ-ի կողմից, նաև այլ ուժերի կողմից, որոնց անունը չեմ կարող տալ, որովհետև կարծում եմ, որ ամեն մեկը պետք է խոսի իր անունից:

Իսկ կառավարության հրաժարականի պահանջի շրջանակներում կադրային քաղաքականության հարց քննարկվո՞ւմ է, թե ով է լինելու վարչապետը, կառավարության կազմը: 

– Ո՛չ: Ոչ մի նման հարց չի քննարկվել: Իշխանափոխության «ճանապարհային քարտեզը» նշանակում է Հայաստանում քաղաքական մի քանի էտապների անցկացում: Առաջին էտապը լինելու է կառավարությանն անվստահություն հայտնելը, որին կհետևեն այլ քայլեր: Եվ դուք վստահ եղեք, որ քանի որ կան տարբերություններ հետագա քայլերի վերաբերյալ դիրքորոշումների մեջ, մեր բոլորիս ջանքերը հիմա ուղղված են այդ հակասությունները հարթելուն և միասնական պլանի գալուն: Եվ կարող եմ ձեզ ասել՝ վստահ եմ, որ դա լինելու է, մենք կկարողանանք առաջին համաձայնեցված քայլից հետո կատարել երկրորդ համաձայնեցված քայլը, իսկ հետո նաև հասնել այն միակ լուծմանը, որն այսօր կարող է իսկապես Հայաստանում խնդիրներ լուծել:

Իսկ որո՞նք են այդ «ճանապարհային քարտեզի» երկրորդ, երրորդ քայլերը: 

– Դուք հիմա ուզում եք, որ ես խոսեմ այն քայլերի մասին, որոնք դեռ համաձայնեցված չեն: Դրա համար ես դրա մասին չեմ խոսի: Այդ երկրորդ, երրորդ քայլերի մասին տարբեր պատկերացումներ կան: Բայց մենք գտնվում ենք համաձայնեցման գործընթացի մեջ:

 Արմինե Ավետյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31