Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ հարց է` պայմանները Սերժ Սարգսյանը վարչապետի ու Սեյրան Օհանյանի հետ խախտե՞ց, թե՞ Վոլոդյա Ավետիսյանը». (Տեսանյութ)

Մարտ 12,2014 22:51

Ազատամարտիկ Արայիկ Խուդավերդյանը հերքում է, թե իր մարտական ընկեր, անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը պայմանավորվածություն է ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ու խախտել այդ պայմանավորվածությունը:

«Վոլոդյան ոչ մի պայմանավորվածություն չի խախտել, ոչ մի բան չի խոստացել ու դրանից հետ կանգնել: Նա ծառայության մեջ չէր, իր շուրջը հավաքած անգործ ազատամարտիկների հետ պահանջներ դրեցին, եւ դեռ հարց է` պայմանները խախտեց Սերժ Սարգսյանը վարչապետի ու  Սեյրան Օհանյանի հետ, թե՞ Վոլոդյա Ավետիսյանը:  Թող ճշտեն ու իրենք հայտնվեն Վոլոդյայի տեղում՝ բերդում, իսկ Վոլոդյան դուրս գա»,- ասաց պարոն Խուդավերդյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի պնդումներին, թե Վոլոդյա Ավետիսյանը պայմանավորվածություն է խախտել:

Մեր հարցին, թե դո՞ւք էլ ունեք այն տպավորությունը, որ պայմանավորվածություն խախտելու համար են Վոլոդյա Ավետիսյանին ազատությունից զրկել, պարոն Խուդավերդյանն ասաց. «Ես այն տպավորությունն ունեմ, որ այս երկրում, երբ  առողջացնող որեւիցե հարց ես բարձրացնում, որը կպնում է պետական այրերի գրպանին, այդ ժամանակ փոխանակ կնճռոտված հարցերը կարգավորեն, Հիտլերյան կարգախոսն են վերցնում՝ չկա հայը, չկա հայի խնդիրը»:

Ազատամարտիկի խոսքով, Սեյրան Օհանյանն ինչպիսի պատճառաբանություն էլ բացահայտի, իր համար նշանակություն չունի. «Որովհետեւ Վոլոդյան ոչ թե պահանջում էր սեփական անձի նկատմամբ անհատական մոտեցումներ, այլ ազատամարտիկի մասին, պատվովճարի մասին, պատերազմի մասնակցի մասին օրենքներ՝ իրենց  սոցփաթեթներով»:

Նա նաեւ չհամաձայնեց Սեյրան Օհանյանի հետ, թե Վոլոդյա Ավետիսյանի անազատության մեջ գտնվելը քաղաքական հետապնդում չէ. «Քաղաքական հենք ունի, սեպտեմբերի 21-ի նստացույցը, որ չկայանար, դրա համար Վոլոդյային ձերբակալեցին: Հիմա հեռադիտակով անցքեր են ման գալիս, ցեխոտ ու մրոտ բաներ են շպրտում, չի կարելի, անցան այդ ժամանակները»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ Վոլոդյա Ավետիսյանի հարցն էր բարձրացրել՝ պնդելով, որ ստացվում է այնպես, որ ազատամարտիկին նստեցրել են Սերժ Սարգսյանի կամ Սեյրան Օհանյանի ասածը չկատարելու համար: Այս տեսակետին չհամաձայնեց Սեյրան Օհանյանը՝ պնդելով, որ Վ. Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոչ թե պայմանավորվածությունը խախտելու համար, այլ խարդախության հոդվածով: Նախարարը նաեւ ասել է, որ ազատամարտիկը պայմանավորվածություն է խախտել. «Հանրաճանաչ դեպքերից հետո իրոք հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ: Հանդիպումից հետո ձեւավորվել է աշխատանքային խումբ, որպեսզի ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարելավման առումով ուսումնասիրություններ կատարվեն: Սակայն Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ակցիաները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31