Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը խորհուրդ տվեց չզարմանալ միայն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքով, քանի որ ուկրաինացի ընդդիմադիրներն էլ պակաս չեն ապշեցնում իրենց հարստությամբ: «Նույն Ուկրաինայի ընդդիմադիրների տները նրանք տեսե՞ լ են, որ զարմանում են, նույն Յուլիա Տիմոշենկոյի 10-ից ավելի դղյակները թե Ուկրաինայում, թե Ուկրաինայից տարածքից դուրս տեսե՞լ են, Արսենի Յացենյուկի դղյակը, Տիգիպկոյի դղյակը…»:
Զուգահեռներ անցկացնելով հայ ու ուկրաինացի ընդդիմադիր գործիչների միջև, Գագիկ Համբարյանը նշեց, որ հայ ընդդիմադիր գործիչներն էլ բավական հարուստ են: «Ինչի Րաֆֆի Հովհաննիսյանը ի՞նչ չունի կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ էլ Դաշնակցությունը: Բոլորն էլ շատ լավ ունեն: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է խելացի, որ ոչ ոք չգիտի ինչ ունի նա: Ճիշտ է` ինքը հայտարարում է, ու նույնիսկ մի հատ կրպակ Հայաստանում չունի, բայց ի՞նչ պարտադիր է կրպակ ունենաս Հայաստանում: Ինքը խելացի մարդ է` գիտի որտեղ ունի և ինչքան ունի: Նրան պետք չէ կոպիտ ասած ի ցույց դնել իր ունեցվածքը, հեչ պարտադիր չէ:
Մեր ընդդիմությունը բավական ունևոր է, չկա էդպիսի բան, որ չունենա, ո՞վ չունի. Դաշնակցությունը չունի՞, որը հովանավորվում է արտասահմանից : Բայց էստեղ խնդիրը հետևյալն է, եթե դա ունեն Ուկրաինայի նախագահը կամ նրան ընդդիմացող ուժերը, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, դեռ հասկանալի է, թեև չեմ ասում նրանք լավ են արել, թալանել են, բայց եթե Յանուկովիչը ու նույն այդ ուժերը ունեն այն, ինչ Հայաստանի աննշան օլիգարխը, մասշտաբներն էնքան տարբեր են Ուկրաինայի և Հայաստանի, որ պետք է հետևություն անել, թե Ուկրաինայում ինչ թալան է տեղի ունենում, մեզ մոտ` ինչ»,- ասում է քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ