Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի պատգամավոր, Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևին ասել է, որ Ուկրաինան այնքան էլ օրինական դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից: Հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվական գործակալությունը:
Պուտինի և Ջեմիլևի հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս Ռուսաստանի ղեկավարին հիշեցրել է Բուդապեշտի հուշագրի մասին.
«Ես Պուտինին ասացի, որ ամենակարևորը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցն է, քանի որ դրա խախտումը նշանակում է խախտել այն համաձայնագիրը, որը 1994թ. ստորագրել են երաշխավոր-երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, [Ուկրաինայի] միջուկային զենքերը հանձնելու դիմաց», – ասել է Ջեմիլևը, ինչին, ըստ նրա, Պուտինը պատասխանել է, որ Ուկրաինայի ԽՍՀՄ-ից դուրս գալը չէր համապատասխանում ԽՍՀՄ նորմերին:
«Այս թեմայի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված Պուտինն այսպիսի հարց բարձրացրեց, որ Ուկրաինայի անկախության ինքնահռչակումը ամբողջովին չէր համապատասխանում խորհրդային նորմերին, որը նախատեսում էր ԽՍՀՄ կազմից դուրս գալու գործընթացը: Ահա այսպիսի դիրքորոշում», – պատմել է Ջեմիլևը:
Կարդացեք նաև
Ուկրաինայի Խորհրդարանը երկրի անկախությունը ճանաչել է 1991թ. օգոստոսի 24-ին, նույն թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան ստորագրեցին Բելովեժյան համաձայնագիրը, որով դադարեցվեց ԽՍՀՄ գոյությունը և ստեղծվեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) միջազգային կազմակերպությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ