Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին
Մեծարգո պարոն Կոստանյան,
Եթե նկատեցիք, նամակս սկսեցի «Մեծարգո» (Մեծ- արմատն ունեցող) դիմելաձևով։ Հայկական լեզվամտածողության մեջ մեծ հասկացությունը պայմանավորվում է ոչ թե նրա ծավալի ու տարողության չափաձևմամբ, այլ իմաստավորում է նրա բնության պարունակությունն ու էությունը։
«Եթե ձեզանից մեկն ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի, և եթե ձեզանից մեկն ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի, որովհետև Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլև ծառայելու և իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Աստվածաշունչ․ Մատթեոս․ 20, 26։28)։
Կարդացեք նաև
Նախ` բնության մասին․ Բոլոր բանական ստեղծվածները բնության գոյացումներ են և չունեն ոչ պարունակություն և ոչ էլ էություն։ Մեծը բնությամբ մեծ չէ, այնպես, ինչպես բարին բնությամբ բարի չէ և արդարը բնությամբ արդար չէ։
Պարունակության իմաստավորումը պայմանավորվում է նրա արդարության, բարության, սիրո և անդավաճանության մեծություններով, որը ոչ թե որ բնությամբ է ստեղծված, այլև արդարությունը, բարությունը, սերն ու անդավաճանությունը ներգործությամբ ստացվածք է միայն և միայն Տիրոջ կողմից։ Քանզի անթերի և բացարձակ արդարության ու բարության անչափելի մեծությունը, դա ինքը Աստված է։
Էությանը, այլևս նկարագիրն է Աստվածային ներգործությամբ ստացված ճշգրիտ պատկերի, որն իր մեջ արտահայտում է Աստծո ճանաչողության, Նրա իմացության, Հանճարի և Օրենքների ընկալման կատեգորիան։
Ուստի և (Մեծարգո) դիմելաձեւով՝ պարոն Կոստանյան, Ձեր վրա դնում եմ նախ երկու ծանրություն․
Առաջին՝ վերանայեք ձեր մարդկային բնության ընկալումները բխած Աստվածային օրենքներից․
Երկրորդ՝ եթե կգտնեք, որ իրոք Աստվածային օրենքներից բխած մարդկային բնության ու էության ճշգրիտ ընկալման արդյունքում է, որ միայն հնարավոր կլինի բացարձակ և կատարյալ արդարադատության համակարգ ստեղծել, ապա աղբանոց նետեք դիվապաշտ Վիշինսկիի հրեշավոր օրենքները և Ձեր ուսերին վերցրեք Տիրոջ կողմից Ձեզ տրված խաչը, մշտապես հիշելով, որ Օրենքի կարևոր պատասխանատվությունը սահմանվում է արդարության, ողորմության ու հավատարմության մեծագույն բանաձևմամբ: Սակայն նամակս ամենևին էլ սրան չի վերաբերվում:
1993-94թթ. Կովկասյան տարածաշրջանում գագաթնակետին էր հասել նավթային քաղաքականությունը: Ստրատեգիական գոտիների նորովի վերաբաշխման և ազդեցության ոլորտների ամրապնդման ուղղությամբ տարվող աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում ՌԴ նախագահ՝ Բորիս Ելցինի վարչախմբին այլևս կարևոր պայման էր հանդիսացել չեզոքացնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ծախելուն խոչընդոտող միակ և հիմնական ուժ հանդիսացող ՀՅԴ կուսակցությունը, ապահովելու համար Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին: Այս առումով էլ արցախյան պայքարում նշանակալի հաղթանակ տարած Հայաստանը կանգ առավ ներքին քաղաքական, գաղափարական մի նոր պայքարի առջև:
Նախ, արգելվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում, փակվեցին գրասենյակներն ու խմբագրատները: Եվ ապա դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները, խուզարկություններն ու քրեական գործերի հարուցումը կատարվեցին անօրինականությամբ և բիրտ ուժի գործադրությամբ: Նախաքննության ընթացքում դաժանաբար սպանվեց ՀՅԴ գործիչ Արտավազդ Մանուկյանը, կտտանքների ու խոշտանգումների ենթարկվեցին շատ ու շատ ազատամարտիկներ, ազգային գործիչներ ու մտավորականներ:
Քաղաքական պատվերների արդյունքում 10 դեկտեմբերի 1996թ-ին երեք ազատամարտիկ գործիչներ բռնադատվեցին մահապատժի: «ՀՀ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը անմիջապես պետք է վերացնի Արսեն Արծրունու, Արմեն Գրիգորյանի և Արմենակ Մնջոյանի մահապատիժները, երեք քաղ.բանտարկյալներ, որոնք մահվան դատապարտվեցին երեկ…» («Մարդու իրավունքների միջազգային ներում կազմակերպություն». Լոնդոն, 1996 թ. դեկտեմբեր 11):
Եվ արդ, սույն դատավճիռը Ելցինյան վարչախմբի կողմից Հայաստանի վրա գործադրված ճնշումների և քաղաքական պատվերների արդյունքում էր, որ կայացվեցին:
Մինչդեռ, ամենևին էլ չանդրադառնալով ՀՅԴ – Դրո գործի կեղծ և շինծու մեղադրանքներին, փաստագրում եմ, որ այնուամենայնիվ արդար կամ ոչ արդար դատավճռով ինձ հասանելիք քսան (20) տարվա պատժաչափը արժանապատվորեն կրել եմ և օրենքով ինձ հասանելիք վաղաժամկետ ազատ չարձակումը օրենքի և Սահմանադրության կոպիտ խախտում կդիտվի։ Բավականին լավ եմ գիտակցում, որ իմ և իմ ընկերների ազատ արձակման համար պայման է քաղաքական վերնախավի և հատկապես ՀՀ Նախագահի համաձայնությունն ու կամքը։
Ուստի և դիմում եմ Ձեզ իմ վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը ներկայացնել ՀՀ Նախագահ Ս․Սարգսյանին և անմիջապես ինձ ազատ արձակելով վերականգնել Սահմանադրությամբ ամրագրված իմ քաղաքացիական իրավունքները։ Միևնույն ժամանակ պնդում եմ, որ հրաժարվում եմ ռեժիմային փոփոխությունների հերթական մանիպուլյացիայից` գերադասելով մահապատժի կիրառումը։
Եվ այսպես՝ Ազատությո՛ւն կամ Մա՛հ, ինքներդ որոշեք․․․
Ու քանի որ նամակս անկեղծ է ու ոչ երկիմաստ, հենց այդ անկեղծությամբ էլ նշում եմ, որ այս դժոխային քսան տարիների բանտային կալանքի ընթացքում այն բոլոր ստորացումներն ու նվաստացումները, հալածանքներն ու խոշտանգումները, որոնք շարունակաբար կրել եմ, երբևէ պատճառ չի հանդիսացել ատելությամբ լցվելու իրար հաջորդող պատվիրատու իշխանության հանդեպ։ Դեռ ճիշտ հակառակը՝ նրանց ընդունել եմ, որպես Աստծո կողմից ընտրված գործիքների, որոնց միջոցով Ամենա Բարձրյալ Տերն ինձ զտել, հղկել, մաքրել ու ժամ առ ժամ նմանեցրել է իր Միածին Որդուն։ Աստված երբեմն չարերին թույլ է տալիս հաջողություններ ունենալ իրենց անօրեն գործերի մեջ, որպեսզի առաքիններին սովորեցնի վշտերն ու ցավը, զրկանքներն ու կորուստները արիաբար կրել, ինչով նրանց վարձն ու փառքն է աճեցնում։
Հաջողություն Ձեր աշխատանքներին
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ՀՅԴ-«Դրո» գործով
մահվան դատապարտված Արմենակ Լևոնի Մնջոյան