Շուրջ երեք տարի առաջ Թուրքիայում, իսկ հետո արդեն Հայաստանում և ողջ Սփյուռքում իր թովիչ ձայնի եւ երգերի շնորհիվ մեծ ճանաչման արժանացած պոլսահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն լույս է ընծայել իր նոր` «Սեր» ձայնասկավառակ-ալբոմը:
««Սերը» իմ երկրորդ ալբոմս է: Արդեն երեք տարի անցած է առաջին ալբոմիս վրա: Մարդիկ կը սպասեին իմ նոր երգերուս, նոր անակնկալներուս,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլը,-Ես ալ շատ ուրախ եմ: Նոր ալբոմիս «Սեր»-ով կը հուսամ շատ ավելի մարդկանց սրտեր գրավեմ»:
Ալբոմում ընդգրկված 12 երգերից 11 հայերեն են, 1-ը` արաբերեն: Ձայնասկավառակի ստեղծման ժամանակ Սիբիլը համագործակցել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, երգիչ Անդրեի եւ հայաստանյան 15 հայտնի երաժիշտների հետ:
Թեեւ Սիբիլի ձայնասկավառակը դեռ նոր է հայտնվել Թուրքիայի խանութների ցուցափեղկերին, սակայն երգչուհու հայերեն մեղրածոր երգերը շարունակում են սրտեր գրավել: Թուրքական հեռուստաալիքները` ի դեմս CNN TURK-ի արդեն իսկ սկսել են ցուցադրել «Սեր» ալբոմի առաջին տեսահոլովակը` «Այս գիշերը» (Bu Gece – Tonight):
«Համացանցին միջոցով մարդիկ կը գրին եւ իրենց գնահատականը կը հայտնին,-«Մեդիալաբին» ասում է Սիբիլ Փեքթորոսօղլուն,- Կը գրեն, որ հայկական երգի հետ շնորհիվ քեզի ծանոթացանք, եւ շատ հավնեցանք: Առաջին եւ երկրորդ ալբոմներս ալ ամենամեծ մարկետներու մեջ կը վաճառվին, երգերս կը հնչեն: Եղան մարդիկ, ովքեր երգերուս լատինատառը խնդրեցան: Մարդիկ ալ եղան, որ ասացին, թե «քո երգերու բառերն հասկանալու համար հայրեն սովրիլ կուզինք»: Անշուշտ, շատ կուրախանամ»:
Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում