Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանն իրեն պատկանող «Պեժո» մակնիշի 060 LL 11 պետհամարանիշով ծառայողական ավտոմեքենայով անցյալ տարվա ամռանը` օգոստոսին մեկնել է հանրապետությունից դուրս` հանգստանալու: Վրաստանում հանգիստը կազմակերպած պաշտոնյային, ըստ որոշ տեղեկությունների, ընկերակցել է նաեւ գյուղնախարարության իրավաբանական վարչության պետը` Արսեն Ավետիսյանը:
Աշխատակազմի ղեկավարի արարքի մասին իմացել է նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որն էլ իր վրդովմունքն է հայտնել:
Պետական գույքը սեփական նպատակների համար օգտագործած պարոն Կիրակոսյանը Aravot.am-ի հարցին, հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ` ասելով` գրավոր ուղարկեք հարցերը` կպատասխանենք: Մեր ճշտող հարցին, թե այսինքն` չե՞ք հերքում, որ ծառայողական մեքենայով եք գնացել հանգստանալու, պարոն Կիրակոսյանը կրկնեց` հարցը գրավոր ուղարկեք:
Այս հրապարակումը միտված է հրավիրել Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը` պաշտոնատար անձի գործունեության նկատմամբ օրենքով սահմանված կարգով: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածների, գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարը չարաշահել է պաշտոնական դիրքը: Սույն հոդվածները նման դեպքում նախատեսում են նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Չի բացառվում, որ նախարարությունում պարոն Կիրակոսյանի անձնական այցը ձեւակերպեն որպես գործնական այց, ասենք` աշխատակազմի ղեկավարը Վրաստան էր գնացել` հայ-վրացական գյուղատնտեսական հարաբերությունները ամրապնդելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ