Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Որեւէ տրամաբանություն չկա, թե ինչու պետք է նորից թույլատրեն ալկոհոլային խմիչքի գովազդը հեռուստատեսությամբ»

Մարտ 12,2014 17:41
vahagn xachatryan

«ՀՀԿ-ականները կարող են մի օր արթնանալ եւ որոշեն, որ պետք է սահմանափակումներ մտցնեն ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գովազդի հետ կապված, վաղը կարող են արթնանալ ու ասել՝ չէ, մտածել ենք, ավելի ճիշտ է թույլ տանք: Այս օրինագիծն ընդունելու պատճառները հասկանալի են՝ որոշ բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող իրենց գործարարին հնարավորություն տալ մեծ գումարներ աշխատել»,- այսօր՝ մարտի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը այսպես մեկնաբանեց «Գովազդի մասին» օրենքի նոր օրինագիծը, որն օրերս բուռն քննարկումների արդյունքում ընդունեց ԱԺ-ն:

Այդ նախագծով  թույլատրվում է որոշակի ժամերին թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդել:

Ընդունվեց նաեւ գովազդի հետ կապված մեկ այլ օրինագիծ, որն էլ արգելում է Հանրային հեռուստաընկերությանը առեւտրային գովազդ ցուցադրել:

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ «Որեւէ տրամաբանություն չկա, թե ինչու պետք է նորից թույլատրեն ալկոհոլային խմիչքի գովազդը հեռուստատեսությամբ, երբ մենք արդեն վարժվել ենք եւ տեսել ենք, որ արգելքը շատ ճիշտ է: Տնտեսական կողմը թողնենք մի կողմ, դա այն խնդիրն է, որն ունի հասարակության համար նշանակություն, առողջապահական է: Մեր կառավարությունը անընդհատ հիմնավորում է միջազգային փորձով: Միջազգային փորձով ծխախոտի եւ խմիչքի գովազդները վերջին տարիներին սահմանափակվեցին կամ հանեցին ընդհանրապես: Այդ բնագավառում  ո՞վ այսօր ունի ամենամեծ հնարավորություններ: Որ նայեք ովքեր են առաջարկությունը ներկայացրել, դա էլ է շատ հետաքրքիր: Իբր առողջ ապրելակերպ են քարոզում: Գովազդի շուկայում վերջին տարիներին փոփոխություններ արեցին, այդ շուկան մենաշնորհացվեց եւ ի՞նչ տեղի ունեցավ՝ սկզբում այդ բնագավառում դեմպինգային քաղաքականություն վարվեց, գներն իջեցրեցին, գովազդային գործունեություն ծավալող ընկերությունները դուրս մնացին եւ մնաց ընդամենը մի կազմակերպություն, որն էլ հիմա թելադրում է՝ օգտագործելով պատգամավորական լոբբինգի հնարավորությունները: Մնացած բոլոր բացատրությունները հարցից խուսափելու համար են: Անհրաժեշտ էր գումարներ այն  մարդուն, ով այսօր տնօրինում է այդ ամբողջ գովազդային շուկան»:

Ընդդիմադիրները այս օրենքի նախագիծը «փեսայի օրենք» կոչեցին՝ նկատի ունենալով, որ այն նպաստելու է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի բիզնեսի զարգացմանը, որին են պատկանում «Արմենիան», «Շանթը»: ՀՀԿ-ականները հորդորեցին մի փաստ, ապացույց բերել, որ այդ հեռուստաընկերությունների սեփականատերն իրոք Միքայել Մինասյանն է: Այս առնչությամբ Վահագն Խաչատրյանը հակադարձեց. «Նրանց այդ խոսքերին վաղուց ենք ծանոթ: Շատ դեպքերում, երբ տերը բացահայտ է, ոնց որ Մաշտոցի պողոտայի, «Փակ շուկայի» դեպքում էր, հայտնի էր, թե սեփականատերն ով էր, բայց այդ նույն մարդն ի՞նչ էր ասում: Ասում էր, որ ինքը ոչինչ չունի, իր կնոջ ու բարեկամների հաշվին է ապրում, չէ՞: Իրենց խուսափողական այդ բոլոր պատասխանները հայտնի են»:

Վահագն Խաչատրյանը կոչ արեց ՀՀԿ-ին իրականությանը մոտ բացատրություններ տալ: Նա վկայակոչեց Համաշխարհային բանկի վերլուծությունը, ըստ որի Հայաստանն ամենամոնոպոլացված տնտեսություններից մեկն ունի ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլ նաեւ աշխարհում:

Վահագն Խաչատրյանը նկատեց, որ միջպետական ճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային ցուցանակները դատարկ են. «Գովազդատու չկա: Դրանք լցվում են միայն առանձին թեկնածուների նկարներով, երբ ընտրություններ են լինում: Գովազդային որեւէ քաղաքականություն չի իրականացվում, որովհետեւ մեր տնտեսությունն արդեն դրա կարիքն էլ չունի: Այնքան մենաշնորհացված է, որ ամեն մեկը գիտի՝ իր այդ ապրանքը կվաճառվի՞ թե՞ չէ, որ միեւնույն է՝ կգովազդվի, թե չէ, մարդիկ գնալու են այդ ապրանքն առնեն: Դա էլ է խոսում մեր տնտեսության վատ վիճակի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31