Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ անգամ որպես վկա ներկայանում ենք, նիստը հետաձգվում է

Մարտ 12,2014 17:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի վարույթում է գտնվում թիվ 3 կլինիկական հիվանդանոցի ընդդեմ Ռուբեն Այվազյանի՝ փաստացի տվյալները մերժելու եւ փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու մասին հայցը:

Բուժհիմնարկը վիճարկում է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունները, որոնք թույլ է տրվել պատասխանողի կողմից «Վարկած» ակումբում ՝ 2012թ.մայիսի 22-ին  եւ հունիսի 4-ին ասուլիսների ժամանակ:

«Առավոտը» լուսաբանել է այդ ասուլիսները:

«Առավոտն» այս գործով հրավիրվել է որպես վկա, արդեն երրորդ անգամ: Մարտի 12-ին երրորդ անգամ ներկայացել եմ դատարան, որպես վկա, որպես այդ ասուլիսը լուսաբանած լրագրող:

Նախորդ դատական նիստին ներկայացա դատարան, սակայն  պատասխանող Ռուբեն Այվազյանը հակընդդեմ հայցով դիմեց դատարան, ինչը առիթ դարձավ նիստը հետաձգելուն:

Այսօր նույնպես դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Պարզվեց հակընդդեմ հայցը , որը Այվազյանը ներկայացրել էր դատարան, փետրվարի 7-ին մերժվել է, ինչը վերջինի կողմից բողոքարկվում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Եվ մինչ վերաքննիչը չլսի մերժման դեմ բերված բողոքը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանն ի վիճակի չի լինի դատական նիստ հրավիրելու:

Նկատենք, որ բուժհիմնարկը վիճարկում է գործարար համբավի պաշտպանության պահանջով, մինչդեռ հակընդդեմ հայցը հիվանդանոցի դեմ է՝ զրպարտության եւ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու, փոխհատուցում վճարելու պահանջի մասին:

Դատարանը հանգել էր այն հետեւության, որ հակընդեմ հայցը վարույթ ընդունելու համար օրենքով նախատեսված պայմաններից մեկը խախտվել է, այն է, հակընդդեմ եւ սկզբնական հայցերի միջեւ անհրաժեշտ պետք է լիներ փոխադարձ կապ, ու դրանց քննությունը պիտի ապահովեր գործի քննությունը.«Տվյալ պարագայում հակընդդեմ պահանջն ուղղված չէ սկզբնական պահանջի հաշվանցմանը»:

Տարօրինակ է, որ այս գործով որպես վկա չեն հրավիրվել տարբեր լրատվամիջոցները, որոնք լուսաբանել են այդ ասուլիսները, այլ հրավիրվում է «Առավոտը» , միայն այն բանի համար, որ լսել է կողմերին հավասարապես:

Ի դեպ, «Վարկած» ակումբում հրավիրված ասուլիսների ժամանակ Ռուբեն Այվազյանը հայտարարել էր, որ 9 ժամ իր հորը առանց բուժօգնության են թողել թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկները, ինչի արդյունքում հայրը մահացել է:

Նա ասում էր, որ բժիշկներն «անհայտ ծագումով» դեղեր են տվել իր հորը, եւ որ բժիշկները չեն թողել, որ իր հայրը տեղափոխվի Էրեբունի բժշկական կենտրոն:

Հասկանալի է, այդ պահին Այվազյանը եւ հուզված էր եւ ուներ կասկածներ բժիշկների անգործության վերաբերյալ, ինչի մասին մենք գրել ենք:

«Առավոտը» զրուցել էր նաեւ բժշկի հետ, որն այդ պահին գտնվում էր «Վարկած» ակումբում, եւ ներկայացրել է հիվանդի վիճակը:

Այվազյանը նաեւ ասել էր, որ դիմելու է ոստիկանության բաժին՝ քրեական գործ հարուցելու, դիմել էր, հանցակազմի բացակայության հիմքով ոստիկանությունը գործ չի հարուցել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben Ayvazyan says:

    Գտնում եմ, որ լրագրող Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ որպես վկա չպետք է մասնակցի սույն դատական նիստին…

  2. Այս գործը շատ նուրբ հարց է շոշափում, այդ պատճառով չէի ցանկանա, որ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ անընդհատ անդրադառնար հայրիկիս սպանության գործին: Ի վերջո յուրաքանչյուր անձ կարող է նման իրավիճակում հայտնվել: Անհրաժեշտություն չկա կողմնակալ դիրք, և կողմնակալ վկա հանդես գալու համար:

  3. Ձեր թերթը միակ թերթն է ՀՀ-ում, որ ակնհայտ հովանավորում է մարդասպան բժիշկներին: Իմ մոտ առկա է որոշ փորձագետների եզրակացություններ, ինչը հիմնավորում իմ պահանջը: Ոչինչ, մի օր Ձեր լրագրողին բաժին կհասնի այդ բժիշկը: Թող ատամներով պաշտպանի իրենց: Ինչն է պատճառը, որ քրեական գործի քննությունը դատական վարույթում չի լուսաբանում, այլ նշում է միայն կողմնակալ քննիչի ապօրինի որոշումը: Մինչ այդ էլ Ձեր լրագրողը հրապարակում էր նախաքննության գաղտնիք համարվող նյութեր:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31