Սենատոր Մարկ Քիրքը և Ներկայացուցիչների պալատի անդամներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ֆրանկ Փալոնե կրտսերը, Աննա Էշյուն, Քեթրին Քլարքը, Դեյվիդ Չիչիլինեն, Թոնի Կարդենասը, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գարի Փիթերսը կանգնած են ամերիկահայերի կողքին
Վաշինգտոն- Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ներկայացուցիչների պալատում Կոնգրեսի տասնյակ անդամներ հանդես եկան հայտարարություններով և ելույթներով ի հիշատակ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հակահայկական ջարդերի 26-րդ տարելիցին,- հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Այս ողբերգական տարելիցին, երբ մենք սգում ենք այդ անմեղ կյանքերի կորուստը, մենք մտահոգ ենք Լեռնային Ղարաբաղի ներկայիս հակամարտության և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների կողմից հրահրիչ հռետորաբանության պարբերական միջադեպերի և սահմանի երկայնքով շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ», – հայտնեց Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը` հավելելով. «Կարևոր է, որ Ադրբեջանի առաջնորդները զերծ մնան սադրիչ հայտարարություններից և արդյունավետ բանակցություններ վարեն` Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով»:
1988թ. նախ Սումգայիթում, ապա 1989թ. Կիրովաբադում և 1990թ. Բաքվում ադրբեջանցիների զինված ամբոխները դուրս եկան փողոցներ՝ թիրախ վերցնելով հայերի տներն և ոչնչացնելով հայերին պատկանող ձեռնարկությունները, մինչդեռ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները ոչ մի կերպ դա չէին կանխում: Արդյունքում, հազարավոր հայեր վիրավորվեցին և անթիվ անհամար մարդիկ լքեցին իրենց տները` արդյունավետորեն զտելով Ադրբեջանը քրիստոնյա հայ փոքրամասնությունից:
Կարդացեք նաև
Մինչ վերջին տարիներին ադրբեջանամետ օրենսդիրների մի խումբ փորձում է սատարել ինքնակալ վարչակարգին, Համագումարը աշխատում էր տեղի ունեցած հայերի ջարդերի մասին իրազեկել Կոնգրեսի անդամներին և հանրությանը: Հիշեցնենք, որ Համագումարը Կոնգրեսում տարածել է իր «Սումգայիթ. Հանրային գրառում» զեկույցը և շարունակում է աշխատել Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի հետ այս հույժ կարևոր խնդրի շուրջ:
Զուգահեռներ անցկացնելով 25 տարի տարբերությամբ տեղի ունեցած իրադարձությունների միջև` կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտնեց. «Այս ամիս նույնպես նշվեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացրած Հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանության 10-րդ տարելիցը»: «Սաֆարովը օգտագործել էր կացին սպանելու Մարգարյանին, մինչ վերջինս քնած էր», – ասաց Շերմանը` հավելելով. <Հունգարիայի դատարանի կողմից սպանության համար դատապարտվելուց հետո` նրան տեղափոխեցին Ադրբեջան, որտեղ անմիջապես ներում շնորհեցին և փառաբանեցին որպես հերոս>: Համաձայն Շերմանի հայտարարության, «Որոշ ադրբեջանական պաշտոնյաներ Սաֆարովի գործողությունները գնահատել են որպես հայրենասիրություն: Սա անընդունելի է, և միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին պատասխանատվության առաջ կանգնեցնի».-ասաց նա` ցույց տալով, թե ինչպես են Ադրբեջանի առաջնորդները խտրական և անհանդուրժող օրակարգ հրահրում իրենց հայ հարևանների նկատմամբ:
«Ողջ ամերիկահայ համայնքի անունից ես շնորհակալություն եմ հայտնում սենատոր Քիրքին և Կոնգրեսի ներկայացուցիչներ Ռոյսին, Շիֆին, Շերմանին, Փալոնեին, Էշյուին, Քլարքին, Չիչիլինեին, Կարդենասին, Չուին, Սանչեսին և Փիթերսին` մարդու իրավունքների հարցերի շուրջ իրենց սկզբունքային դիրքորոշման և Ադրբեջանի` հակահայկական քաղաքականությանն ուղղված խիստ հաղորդագրություն հղելու համար», – հայտնեց համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Բոլոր անդամների հայտարարությունների ամբողջական տարբերակները հասանելի են`Համագումարի նորությունների բլոգում:
Ամերիկայի հայկական համագումար