Ազատամարտիկների պայքարը, նրանց միջև երբեմն նկատվող ներքին անհամաձայնությունը տարբեր կերպ է մեկնաբանվում: Այն, որ նախընտրական ժամանակահատվածում էր այս պայքարը մեկնաբանվում` որպես «քաղաքական պրոյեկտ», հասկանալի էր: Սակայն ինչո՞ւ է հիմա այս շարժումը մեկնաբանվում`որպես քաղաքական:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանն այն կարծիքին է, որ ազատամարտիկների պայքարն ունի քաղաքական երանգավորում: Նա «նորմալ է համարում այն, որ ազատամարտիկներն ունեն մտքերի բախումներ, գտնվում են կուսակցական տարբեր ճամբարներում»:
Սակայն նաև նշում է. «Ինձ համար ցավալի է, որ խնդիրն այսօր ոչ այնքան կուսակցական կամ քաղաքական գաղափարներն են, որքան այն, որ գործընթացը գերքաղաքական է»: Քաղաքագիտական տեսանկյունից «գերքաղաքականացված այս գործընթացը» կարող է ունենալ խորքային հետևանքներ:
Կարդացեք նաև
Նարեկ Գալստյանը մտահոգություններ ունի, որ «ազատամարտն ու ազատամարտիկի կերպարը կարող են արժեզրկվել»: Ուստի նա հորդորում է ազատամարտիկներին «զուսպ» լինել և «գոտկատեղից ներքև» անձնական վիրավորանքներ չհնչեցնել»: Այս առիթով քաղաքագետը հիշեց հայտնի խոսքը, թե «Ռազմի դաշտում հերոսանալը իհարկե դժվար է, բայց ավելի դժվար է հերոսավայել ապրելը»:
Քաղաքագետը քննադատեց «այն մեթոդները», որոնք օգտագործվում են ազատամարտիկների պայքարի հետ կապված: Aravot.am-ի հստակեցմանը` արդյոք նկատի ունի, որ ինչ-որ կերպ շարժումն ուղղորդվո՞ւմ է, պարոն Գալստյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ինչ-որ մեկը դիտավորյալ այս գործընթացը շահարկում է և ինչ-որ արդյունքներ ակնկալում, բայց դատելով ընթացքից ու միտումներից` նկատելի է, որ գործընթացն ինչ-որ կերպ քաղաքական երանգավորում է ստացել: Չեմ կարող ասել` ով է դա անում, ինչու է դա անում, բայց դա ինձ համար ցավալի գործընթաց է: Նաև չեմ կարող ասել, թե ով է շահագրգռված, որ ազատամարտիկի կերպարը արժեզրկված լինի»:
Aravot.am-ն այս դիտարկումները փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Պայքարի` քաղաքական երանգավորում ստանալու մասին կարծիքին պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ ասել է գերքաղաքականացված: Ապիկար, ապաշնորհ իշխանությունների հրաժարականի, արդար երկրի պահանջը, եթե քաղաքականություն է, խնդրեմ: Եթե ասում ենք իշխանությունը ապօրինի է, ընտրված չէ, ապա դա քաղաքական երա՞նգ ունի: Մենք առաջ ենք մղվում մեր` Եռաբլուրի ընկերների կողմից, մեր անցած ճանապարհի, մեր երկրի Սահմանադրությունից ելնելով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ