Կրոնագետներն ու Հայաստանում խղճի ազատության փորձագետները, գնահատելով երկրում անցած 23 տարիներին դավանանքի ազատության վիճակը, ասում են, որ կրոնական խմբերի համար վատագույն ժամանակը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն էր:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակահատվածը գնահատվում է համեմատաբար խաղաղ ու հանդուրժող: Իսկ Սերժ Սարգսյանի նախագահության փուլը` ավելի համակարգված անհանդուրժողականությամբ:
Կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանն ասում է, որ Հայաստանում եկեղեցի-պետություն հարաբերությունների զարգացման երեք պայմանական փուլ է եղել, ոռնոցից յուրաքանչյուրում որոշիչ դեր են խաղացել բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած նախապատվությունները, աշխարհայացքը, համակրանքներն ու հակակրանքները:
«Այդ շրջանները զարմանալիորեն համընկնում են Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարման տարիների հետ: Օրինակ՝ առաջին փուլը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանն է` 1991-1998 թվականները, ամենավաղ շրջանը, երբ Հայաստանում այս բնագավառը հեղհեղուկ հիմքերի վրա էր, Հայ Առաքելական եկեղեցուց բացի ակտիվ գործունեություն էին ծավալում նաև այլ եկեղեցիներ և կրոնական կազմակերպություններ, լարվածությունը շատ մեծ էր, որովհետև կրոնական կազմակերպությունների մասին չկար բավարար տեղեկատվություն: Իսկ չկա տեղեկատվություն` չկա նաև վստահություն, չկային այն մարդիկ, ովքեր պետք է հետազոտություններ իրականացնեին, կոնտակտներ հաստատեին, փորձեին ոլորտը կարգավորել»,- նշում է Լուսյանը, ով նաև Հայաստանում գործող «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն է:
Կարդացեք նաև
Ըստ կրոնագետի` երկրորդ փուլը համընկնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի հետ, որն, ըստ նրա գնահատականի, աչքի էր ընկնում հանդուրժողականության ավելի լայն մթնոլորտով.
«Ասել, որ այդ շրջանը զերծ էր խնդիրներից, չի կարելի, բայց այդ ընթացքում մեղմացավ կրոնական անհանդուրժողականության այն լարվածությունը, որը կուտակվել էր նախորդած տարիներին»:
Լուսյանը նշում է, որ երրորդ շրջանը պայմանականորեն համընկնում է երրորդ նախագահի` Սերժ Սարգսյանի նախագահության հետ. «Այս շրջանն ունի երկու կարևոր առանձնահատկություն. մի կողմից՝ պետության ու Հայ առաքելական եկեղեցու ավելի դաշնակցային հարաբերությունների ձևավորում, եկեղեցու դերակատարության ընդգծում, ինչը, ի դեպ, չէր կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին, մյուս կողմից՝ նախագահի հրապարակային մոտեցումն առ այն, որ կրոնական պատկանելության հարցը չպետք է դառնա հայության տարանջատման գործոն»:
Նյութի մանրամասները կարդացեք kron.armhels.com–ի կայքում