Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման ապահովումն առաջնահերթություն է. փոխվարչապետն ընդունեց «Saur» խմբի միջազգային տնօրենին

Մարտ 12,2014 16:34

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց  ֆրանսիական «Saur»  խմբի միջազգային  տնօրեն Միշել Ֆուրեին:

Ողջունելով հյուրին` փոխվարչապետը նկատեց, որ  խմելու ջրի ոլորտում «Saur»-ի հետ  երկարատեւ  համագործակցության դրական փորձ է առկա եւ խրախուսելի  համարեց  ընկերության գործունեության ընդլայնումը:  «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարիչ  «Saur»-ն ընդգրկված է  նորաստեղծ  կոնսորցիումում, որն այս տարվանից ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի»  եւ «Նոր Ակունք» ՓԲ ընկերությունների կառավարումը:

Փոխվարչապետը նշեց,  որ հանրապետության ողջ տարածքում որակյալ ջրամատակարարման  ապահովման խնդիրը  շարունակում է առաջնահերթ լինել կառավարության  համար:  Թեեւ վերջին տարիներին  «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման  տարածքում ակնհայտորեն բարելավվել է  ջրամատակարարումը` թե տեւողության, թե որակի առումով,  սակայն  դեռեւս շատ անելիքներ կան: Կառավարությունը շարունակում է  ոլորտում կապիտալ ներդրումների ներգրավման քաղաքականությունը. մի շարք ծրագրեր են իրականացվում միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի հետ, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանն  ու համակարգի տեխնիկական վիճակի բարելավմանը:

Անդրադառնալով  մարզերում խմելու ջրի ոլորտում իրականացվող ծրագրերին` փոխվարչապետն ընդգծեց  աշխատանքների`  պատշաճ որակով եւ նախանշված ժամկետներում իրականացումը: Նա կարեւորեց  ծրագրերն իրականացնող ընկերությունների սերտ համագործակցությունը տեղական  մարմինների հետ, ինչպես նաեւ ընդգծեց  բացատրական աշխատանքների անհրաժեշտությունը` առաջարկելով առավել մեծ ուշադրություն դարձնել հանրային իրազեկման պատշաճ կազմակերպման հարցերին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերությունը հանրության հետ աշխատանքների նոր ռազմավարություն  կմշակի` հաշվի առնելով  գործունեության ընդլայնման հանգամանքը:

Միշել Ֆուրեն իր հերթին ընդգծեց, որ ընկերությունը մեծ նշանակություն է տալիս  Հայաստանում ներկայացվածությանը եւ նշեց, որ  Հայաստանում «Saur»-ի ծրագրերը կառավարման տեսանկյունից  հաջողված են համարվում: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում  ներդրված կառավարման ժամանակակից  տեխնոլոգիաներն արդեն կիրառություն են ստանում Հայաստանում,  ինչն   էապես բարձրացնելու է կառավարման արդյունավետությունը:

Միշել Ֆուրեն վստահեցրեց, որ ընկերությունը նույնպես կարեւորում է  հանրային իրազեկման աշխատանքները եւ հավաստիացրեց, որ առավել մեծ ուշադրություն կհատկացվի այդ ուղղությանը: Նա  նաեւ պատրաստակամություն  հայտնեց ոլորտի կառավարման  ռազմավարական մոտեցումների  մշակման հարցում համագործակցել կառավարության հետ եւ անհրաժեշտ  փորձագիտական  աջակցություն ցուցաբերել:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31