Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով դատավճիռը կհրապարակվի մարտի 24-ին

Մարտ 12,2014 16:08

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մերժվեց «Հարսնաքարի» գործով դատաքննությունը վերսկսելու մասին տուժող կողմի միջնորդությունը:

Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Արման Բաղդասարյանն ասաց, որ նախաքննության սկզբից ակնհայտ էր, որ շինծու եւ անհիմն մեղադրանք են իրեն առաջադրել: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում չեղավ մի ապացույց, որով հիմնավորվեր, որ ինքն այդ օրը եղել է «Հարսնաքարում»: «Ես տեղյակ էլ չեմ եղել, կապ չեմ ունեցել»,- ասաց նա եւ հղում արեց վկաներից մեկի ցուցմունքին, որը հայտնել էր, թե ինքն է ասել դեպքից հետո դեպքի մասին ամբաստանյալին:

Արման Խաչատրյանն ասաց, որ չկա որեւէ ապացույց, թե ինչ-որ մեկին ինքը մարմնական վնասվածք է պատճառել: Նա ասաց, որ տուժողներն այնտեղ են եղել, լավ էլ տեսել են, թե ով ում հետ է վիճաբանում եւ որ մեկը մյուսի ցուցմունքը լրացնելով՝ ակնհայտ սուտ ցուցմունք տվեցին դատարանում: Նա դիմեց տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին եւ տուժողներին (վերջինները ներկա չէին), ասելով, որ նրանք պիտի իր հաշմանդամ ծնողներին եւ 3 տարեկան երեխային հատուցեն՝ «ձեր սարքած սուտ ցուցմունքների սցենարի համար»:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հրաժարվեց վերջին խոսքից, ասելով, թե նախկինում տվել է:

Գարիկ Մարգարյանն էլ ասաց, որ մանրամասն նկարագրել է, նա իրեն մեղավոր չճանաչեց եւ ասաց, որ պատրաստ է կրելու իր մեղքը այնքանով, որքանով կատարել է:

Ի դեպ, նա լրացուցիչ ցուցմունք տալու ժամանակ դատարանին հայտնեց, որ ինքն է տուժող Արտակ Բայադյանի հետ վիճաբանության մեջ մտել:

Այսօր պաշտպանական կողմը, մասնավորապես՝ պաշտպան Միհրան Պողոսյանը, Մարինե Թովմասյանը, դատարանին դիմեցին, որ տուժող կողմի ներկայացրած քաղհայցը ենթակա է մերժման, ուշադրություն հրավիրեցին, որ քաղհայցում պարտավորություն է դրվում նաեւ վկայի վրա եւ անհասկանալի է, թե ինչի հիման վրա է այդ անձը պատասխանող ճանաչվում (ինչպես մենք տեղեկացրել էինք՝ խոսքը գործով վկա Ռուբեն Հայրապետյանից փոխհատուցման գումար պահանջելու մասին էր):

Մարինե Թովմասյանը պահանջեց, որ իր պաշտպանյալ Գարիկ Մարգարյանի մեղավորության մասով տուժողին պատճառված վնասի մասով առանձնացնել քաղհայցը:

Մեղադրող Արմեն Մարուխյանի եւ տուժողների ներկայացուցիչների գործողություններում ակնհայտ ճաք առաջացավ, երբ մեղադրողն ասաց, որ քաղհայցը չի կարող ներկայացվել այլ դատաքննության շրջանակներում եւ եթե քննարկվի՝ անհարկի կձգձգվի:

Հիշեցնենք, որ մեղադրողը բոլոր 6 ամբաստանյալների համար պահանջել է 13 տարվա ազատազրկում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31