Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

Մարտ 12,2014 15:21

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն և գտնել լուծումներ:

Զեկուցվել է նաև Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման և զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Նշվել է, որ խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաև տարբեր դոնորների:

Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվել է օրենքի բոլոր նախագծերը RSS ֆորմատով տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության վեբ կայքում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ քննարկել հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Նիստում քննարկվել են նաև նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին և ՀՀ-ում «Ուսում»  համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրին առնչվող հարցեր:

Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները,  տեսնենք՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ, ու ոլորտը զարգանա: Հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ»:

            Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու և ծրագրեր իրականացնելու համար: 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31