Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Մեր կառավարությունը չի սիրում մեր Սահմանադրությունը»

Մարտ 12,2014 15:13

ՀՀ կառավարությունը ՀՀ խորհրդարան է ներկայացրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն այսօր քննարկվում էր ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Այս փոփոխություններն, ըստ էության, միտված են դատարանների թափանցիկության ապահովմանը՝ հակակոռուպցիոն բնույթ ունեն: Սակայն դրանցում կան նաեւ վիճահարույց դրույթներ:

Մասնավորապես, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը համարում է, որ այս նախագծով կան դրույթներ, որոնք Սահմանադրության հետ խնդիրներ ունեն: Խոսքը մասնավորապես հոդված 16-ի մասին է, որն առնչվում է դատավորների նշանակման կարգին: Ըստ Դ. Հարությունյանի՝ դատավորների նշանակումը եւ նրանց լիազորությունների դադարեցումը ՀՀ նախագահի իրավասությունն է՝ համապատասխան Սահմանադրության, եւ «Սահմանադիրը չէր ենթադրում, որ նախագահին տալով նման բացառիկ լիազորություն՝ հնարավոր է հետագայում օրենք ընդունել, որով հնարավոր կլինի շրջանցել սահմանադրական այդ դրույթը»:

Նա օրինակ բերեց դեսպանների նշանակումը, որը նույնպես նախագահի լիազորությունն է, եւ օրենքով չի կարելի դա փոխել: «Իրավասո՞ւ է արդյոք Ազգային ժողովը այդ աստիճանի մխրճվել ՀՀ նախագահի լիազորությունների մեջ: Ես կարծում եմ՝ ոչ, եւ այս հարցում մենք ունենք տարակարծություն կառավարության հետ»,-ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահը եւ որպես հարցի լուծում առաջարկեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկել եւ ստուգել այս կետի սահմանադրականությունը:

Սակայն նա նաեւ ասաց, որ այս կետը չի կարող պատճառ դառնալ, որ օրենքը, որն, ընդհանուր առմամբ, ընդունելի է եւ դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում՝ չընդունվի առաջին ընթերցմամբ:

Որքանո՞վ այս օրենքի ընդունումը կօգնի դատարանների անկախացմանը՝ այս հարցին Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս օրինագիծը հակակոռուպցիոն մեխանիզմների շրջանակում է, սակայն, նաեւ նկատեց, որ սովորաբար որեւէ ոլորտի գերկարգավորումը կարող է հանգեցնել կոլապսի, հնարավոր չի լինում արդյունավետ աշխատել: Ինչ վերաբերում է դատական համակարգի անկախությանն ու կոռումպացվածության մակարդակին, Դ. Հարությունյանը շեշտեց, որ դատական իշխանությունը մեր հասարակության մի մասնիկն է եւ տառապում է նույն հիվանդություններով, ինչ ողջ հասարակությունը, այլ բան, որ Ազգային ժողովից եւ դատարաններից են սկսվում հասարակության փոփոխությունները, եւ ցանկացած հարցում այս մարմինները պետք է առնվազն մեկ քայլ առաջ լինեն:

Նույն հարցի շուրջ խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նույն՝ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ում տպավորությամբ «մեր կառավարությունը չի՛ սիրում մեր Սահմանադրությունը , ուզում է ամեն ձեւով շրջանցի, խուճուճ ձեւակերպումներ է գտնում՝ Սահմանադրությունից շեղվելու համար»:

Իսկ ահա անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս օրենքի նախագծում կան ե՛ւ հակակոռուպցիոն լավ բաներ, մեկ այլ կողմից՝ Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների նախագահներն օտարվում են արդարադատություն իրականացնելուց: Նա համարում է, որ Հայաստանը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ ընդունել այնպիսի օրենք, որով դատարանների նախագահները դառնում են վարչական աշխատողներ, արդարադատություն չեն իրականացնում, դառնում  են կոպիտ ասած՝ «Վճռաբեկ դատարանի տնօրեն»:

Մյուս կողմից Էդմոն Մարուքյանը կարծում է, որ օրենքը պետք է հնարավորինս արագ ընդունվի, քանի որ փաստաբանները սպասում են դրան, իսկ նախագիծը Վենետիկ ուղարկելով՝ օրենքի ընդունումը կձգձգվի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31