Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանների մահվան ելքով վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվեց

Մարտ 12,2014 15:09

Այսօր՝ մարտի 12-ին, Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է  լիներ ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ դերասանների վթարի ենթարկվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության առաջին նիստը՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Դատական նիստը դեռ չսկսված՝ մեղադրվող կողմը հրաժարվեց իր հանրային պաշտպանի՝ Անդրանիկ Մնացականյանի ծառայությունից, նշեց, որ այլ պաշտպանի ծառայությունից է օգտվելու: Գործով նոր պաշտպան ներկայացավ Փաստաբանների պալատի անդամ Սիմոն Ամիրխանյանը: Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ չի ծանոթացել քրեական գործի նյութերին:

Տուժողի ներկայացուցիչները պաշտպանի՝ դատի հետաձգման խնդրանքը չառարկեցին:

Դահլիճում նկատվեց դժգոհություն: Դատավորին նաեւ  ներկայացան երեք           երիտասարդ. նրանք գործով վկաներ էին, ասացին, որ դատարան իրենց միջոցներով են հասնում, ինչը խնդիր է նրանց համար, նաեւ ժամանակ չունեն, քանի որ ուսանող են եւ նաեւ նկարահանման փորձերի  են լինում, ժամանակի խնդիր ունեն, խնդրեցին դատավորից, որ հաջորդ նիստին չմասնակցեն, ցուցմունքն արդեն տվել են եւ ավելացնելու ոչինչ չունեն: Դատավոր Գագիկ Սարգսյանը երիտասարդներին բացատրեց, որ գործով ներգրավված վկաները պետք է անպայման դատական նիստին ներկայանան, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է լինելու ոստիկանության միջամտությունը նրանց բերման ենթարկելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին:

Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները:

34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արա Փիլաֆյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր, իսկ Արա Փիլաֆյանը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:

Տիգրան Ասոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով Երեւան-Երասխ ավտոճանապարհով դեպի Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղ ընթանալիս մեքենան չի վարել տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույնը չգերազանցող արագությամբ, չի իրականացրել իր վարած ավտոմեքենայի ընթացքի պատշաճ կառավարում, երթեւեկության ժամանակ ուշադիր չի հետեւել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, ինչպես նաեւ նախապես հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները, մասնավորապես, շրջադարձի առկայությունը, չի ընտրել երթեւեկության այնպիսի անվտանգ ու սահուն ռեժիմ, որը կապահովեր ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման հնարավորություն, ինչի հետեւանքով ուղեւորներ Ջիվան Նիկոլյանին եւ Արա Փիլաֆյանին անզգուշությամբ պատճառել է մահ:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Վթարված մեքենայի լուսանկարը՝ www.shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31