ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին չի մտահոգում ոչ իշխանական ուժերի համագործակցությունը:Այսօր այդ մասին նա ասաց խորհրդարանում `լրագրողների հետ զրույցում: Տեղի ունեցողը նա համարում է նորմալ քաղաքական գործընթաց:
Վարդան Այվազյանի կարծիքով, այսօր Հայաստանում խնդիր կա: «Դա մեր ազգաբնակչության սոցիալական, տնտեսական խնդիրներն են: Այսօրվա աշխարհաքաղաքական այս վերաբաժանման գործընթացում իրականացվող պրոցեսների մեջ Հայաստանի դերակատարման, դերի խնդիր կա, որ մենք լուրջ պրոցեսների առաջ ենք կանգնած, աշխարհում նոր վերաբաժանում է գնում, նոր ուժային կենտրոններ են լինում, տեսնում եք՝ ինչպիսի բաներ են: Այ էս մարտահրավերների հետ կապված դիմակայելու և դրանցից ավելի քիչ վնասով կամ կարելի ա ասել՝ անգամ օգուտով դուրս գալու խնդիր կա: Սա է մտահոգիչ, քան թե որևէ այլ բան»:
Վարդան Այվազյանը մտահոգված է այն մարդկանց խնդիրներով, ովքեր փողոց են դուրս գալիս: Խնդրի լուծումն, ըստ նրա, այն է, որ մարդիկ աշխատանք ու աշխատավարձ ունենան: Նա չի մտածում, թե իշխանափոխություն կլինի ու ոչ իշխանական ուժերն այսօրվա պաշտոնյաներից հաշվեհարդար կտեսնեն. «Այսինքն՝ ո՞նց են հաշվեհարդար տեսնելու, կախելո՞ւ են, ուտելո՞ւ են, ի՞նչ են անելու: Ի՞նչ ենք արել, որ մեզ պատասխանատվության ենթարկեն, որ աշխատել ենք, դրա համա՞ր: Պատասխանատվությանը, որ նայենք, հլա շատ մարդ կա պատասխանատվության ենթարկելու՝ թե ըստեղ, թե ընդեղ: Իմ արած գործողությունների համար ես պատրաստ եմ ցանկացածի առաջ կանգնել ու պատասխան տալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ