Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարատեք այն համոզմունքը, որ «Դեմ եմ» շարժումը երկրի ապագայի նկատմամբ թերահավատություն է նշանակում» (Տեսանյութ)

Մարտ 12,2014 14:36

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամներն այսօր հայ-ռուսական սլավոնական համալսարանի բակում հանդիպեցին բուհի ուսանողների հետ:

«Ըստ այս օրենքի՝ գործատուները ձեզնից գումարներ են պահելու, պահումները մինչեւ 500.000 դրամ աշխատավարձի դեպքում լինելու են 5 տոկոս, իսկ 500.000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում՝ 10 տոկոս: Կառավարությունը խոստանում է, որ այդ հավաքված գումարները կվերադարձվեն քառասուն տարի հետո: Եթե իրոք հավատում եք, որ այս օրենքը լավն է, ուրախ կլինենք լսել հակափաստարկներ»,- ուսանողներին իրազեկեցին նախաձեռնության անդամները:

Չնայած ամբողջ բակը լեփ-լեցուն էր ուսանողներով, բայց ոչ մի ուսանող նախաձեռնության անդամների հետ չշփվեց: Ուսանողները խուսափում էին շփվել նաեւ լրագրողների հետ, շատերն ասում էին, որ իրենք այս բուհի ուսանող չեն, մանկավարժական համալսարանից են եկել այստեղ:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքով հետաքրքրված էր բուհի ռեկտորը՝ Արմեն Դարբինյանը: Նա օրենքի մասին խոսեց նախաձեռնության անդամների հետ եւ հետաքրքրվեց նաեւ նախաձեռնության անդամների մտահոգություններով ու հարցրեց ՝ ինչի՞ն են դեմ շարժման անդամները:

«Այն, որ եկել եք մեր ընդմիջման ժամին, ողջունում եմ: Ինչպես ասել եմ՝ բուհը կազմակերպված կերպով որեւէ քաղաքական կամ քաղաքացիական շարժման չի մասնակցում, բայց ուսանողները կամ դասախոսական անձնակազմն իր մոտեցումն ունի եւ քաղաքացիական ու քաղաքական դրսեւորման իրավունք ունի: Խնդրանքս է, որ ձեր ելույթը սահմանափակեք մեր ընդմիջման ժամով: Ինքս չեմ կիսում այս օրենքի նկատմամբ մոտեցումը, որովհետեւ այդ մոտեցման մեջ հատկապես երիտասարդների շրջանում տեսնում եմ թերահավատություն երկրի ապագայի նկատմամբ, անպատրաստություն՝ այդ ապագայի պատասխանատվությունը սեփական ուժերի վրա վերցնելով: Կոչ կանեի, որ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները շարժում կազմակերպեին՝ «կողմ եմ» խորագրով, ոչ թե «դեմ եմ» , որովհետեւ դեմ եմ շարժումը շատ դեպքերում ունի ապակառուցողական իմաստ: Շարժում՝ կողմ ենք նորմալ երկրի, կոռուպցիայից ազատ երկրի, ազատ քաղաքացու »,- նախաձեռնության անդամներին ասաց պարոն Դարբինյանը:

Նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանն էլ բացատրեց, որ իրենք դեմ չեն կենսաթոշակային բարեփոխումներին, իրենք դեմ են այս մոտեցմանը. «Որ պետք է լինի պարտադիր»:

Բուհի ռեկտորն էլ խնդրեց, որ թերահավատորեն չնայեն Հայաստանի ապագային ու խորհուրդ տվեց նախաձեռնության անդամներին. «Ճիշտ է , որ դուք ձեր տեսակետները հայտնում եք… մի բան եմ խնդրում՝ փարատեք այն համոզմունքը, որ այս շարժումը երկրի ապագայի նկատմամբ թերահավատություն է նշանակում, կենտրոնացեք ձեր փաստարկներում օրենքի կիրառմանը վերաբերող կետերի վրա, այլ ոչ թե օրենքի՝ որպես գաղափարախոսության վրա»:

Որոշ ուսանողներ էլ ասացին, որ իրենք էլ են դեմ եւ պատրաստվում են միանալ «Դեմ ենք» նախաձեռնությանը:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31