Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «ՀՀԿ-ում սրտից թույլ մարդիկ չկան»

Մարտ 12,2014 14:21

«Երևի դա բժշկական խնդիր ա, ես տեղյակ չեմ, որ Հանրապետական կուսակցությունում որևէ մեկը սրտից թույլ լինի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ընդդիմադիր ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներին: Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ որոշ ուժեր առողջական խնդիրներ կունենան այդ հանդիպումներից, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ոչ իշխանական ուժերի համագործակցության պատճառով իշխանությունը միկրոինֆարկտ կստանա: «Ես չգիտեմ, երևի ուրիշ դիագնոզի տեր մարդիկ կարող են պնդել էդպիսի բան»,- լրագրողների հարցերին պատասխանեց Մանվել Բադեյանը:

Ընդհանրապես, ՀՀԿ-ական պատգամավորը ոչ իշխանական ուժերի համագործակցությունից իշխանափոխության վտանգ չի զգում. «Իսկ ինչի՞ պիտի զգամ, ի՞նչ անենք, որ միավորվել են, էս չորս ուժով իրար հետ ժողովրդի ավելի քիչ հատված են ներկայացնում, քան միայն Հանրապետական կուսակցությունը, դա ցույց ա տվել ընտրությունները: Եվ սա խոսում է ուժերի հարաբերակցության մասին, ինչքան ուզում են, թող միավորվեն, ի՞նչ ա եղել»: Նա նկատեց, որ ցանկացած ժամանակահատվածում ցանկացած ընդդիմադիր ուժի նպատակն իշխանափոխությունն է ու այստեղ որևէ նորություն չկա. «Մյուս օպոզիցիոն ուժերն ուզում են, որ գործող իշխանությանը տապալեն, բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում էդպես ա, էդ ի՞նչ մի առանձնակի բան ա տեղի ունեցել, որ ըսենց իրար եք անցել, թեմաներ եք ման գալիս»:

Մանվել Բադեյանի կարծիքով, այս քայլով ոչ իշխանական ուժերն ընդամենը պաշտոն են ուզում, բայց ՀՀԿ-ն մտադիր չէ զիջելու պաշտոնները. «Միշտ էդ են ուզում, ուրիշ բան չեն ուզում: ԲՀԿ-ն երբևիցե հայտարարել՞ է իշխանությունը փոխելու մասին, երբեք: Չի ուզում, Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, որովհետև դրանից հետո ինչ պետք է լինի, իրանք շատ լավ գիտեն: Դրա համար էլ չեն պահանջում: Դրանից հետո պիտի լինի վիճակի վատթարացում, իսկ ո՞ւմ են տեսնում նախագահ, ժողովուրդը տեսել ա Սերժ Սարգսյանին, դուք ո՞ւմ եք տեսնում կամ ԲՀԿ-ն ո՞ւմ ա տեսել, չի տեսել, դրա համար էլ չի պահանջում: Ես չեմ ենթադրում, որ ԲՀԿ-ի պահանջը կկատարվի ու վարչապետը կփոխվի»:

Հարցին, թե մտահոգություն չունի՞, որ չորս ուժերը ժողովրդին փողոց կհանեն, Մանվել Բադեյանը հարցով պատասխանեց. «Չեմ վախենում: Դուք չեք վախենո՞ւմ, որ Հանրապետականը փողոց դուրս կգա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    հհկ-ն մկան ծակին հարյուր թուման կտա` միայն թե փողոց դուրս չգա, նրա տեղը մեկուսարաններն են,,,,,

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31