«Մի բան ասեմ՝ գնացեք արեք, էտ տղեն, որ ինվալիդ ա, Կարեն Մկրտչյան, ես փողը տամ, օգնեք»,- այսօր խորհրդարանում չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա ասաց, որ հինգ հազար դոլար պատրաստ է փոխանցել երիտասարդ դերասանի բուժման համար. «Ես որտե՞ղ իրան գտնեմ։ Հասցեն տվեք, օգնենք իրան։ Շուկայի դեմը հավաքում էին, ես տեսա»:: Հարցին, թե ինչո՞ւ է որոշել հենց այդ դերասանին օգնել, չէ՞ որ բազմաթիվ այլ կարիքավորներ կան, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «էդ տղեն դերասան էր, եւ ես հավանում եմ իրան։ Մենք մարդկանց էլ ենք օգնում…»:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ Փակ շուկայի տարածքում մրգավաճառներին հատկացված տեղերը փակվում են, Սամվել Ալեքսանյանը հերքեց դրանք. «Ո՞վ ա ասում, որ փակվում ա։ Իրանք խնդրել են տնօրինությանը, որ տեղափոխվեն մյուս կողմ, որովհետեւ էդտեղ առեւտուր չէր լինում։ էն կողմն անկյունում էին ու առեւտուր չէր լինում»։
Լրագրողներից մեկը նկատեց, որ «Երեւան սիթիում» էլ են միրգ վաճառում, ինչը խոչընդոտում է մրգավաճառներին: Ալեքսանյանը նկատեց. «Իրանք միրգը մինչեւ 6-ն են վաճառում, իսկ սուպերմարկետը կռուգլասուտկա`24 ժամ աշխատում ա»։
Սամվել Ալեքսանյանը նաեւ տեղեկացրեց, որ Փակ շուկայի տարածքում մրգավաճառներն առ այսօր տեղի վարձ չեն վճարում. «Հիմա գնացեք հարցրեք, իրանք վճարում են, թե՝ չէ»։
Կարդացեք նաև
Հարցերը`արդոք իր ընտանիքին պատկանող բիզնեսներում աշխատողներից պահե՞լ են կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգով սահմանված գումարը, կամ պատրա՞ստ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ երկիրը դուրս հանել ճգնաժամից, անպատասխան մնացին. «Չէ, չէ, ես հարցերի չեմ պատասխանում, գնացեք»:
Ի դեպ, լրագրողների եւ պատգամավորի զրույցը տեղի ունեցավ Առաքել Մովսիսյանի աշխատասենյակում, որտեղ Ալեքսանյանը փորձում էր պատսպարվել լրագրողներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ