Վերջերս «Առավոտի» էլեկտրոնային փոստին Կարեն Պետրոսյան անունով մի քաղաքացուց նամակ ենք ստացել այն մասին, թե ինչպես է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդու՝ Սասուն Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, Որոտանի ՀԷԿ-երի համալիրի մեջ ընդգրկված 13 հազար քառ. մետր տարածքի սեփականատեր դարձել:
«Առավոտին» ուղարկած նրա նամակում մասնավորապես նշված է. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի սեփականաշնորհման շուրջ ամիսներ առաջ ծագած խոսակցությունների ընթացքում Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի ցուցումով համալիրի գլխավոր տնօրեն՝ նրա հորեղբոր տղա Սասուն Խաչատրյանը համալիրի մեջ ընդգրկված Տաթև-Որոտան ՀԷԿ-ին պատկանող շինություններով և այլ կոմունիկացիաներով ներառված 13000 (տասներեք հազար) քառ. մետր տարածքը ընդամենը 1 միլիոն 700 հազար դրամով սկզբում վաճառք է ձևակերպել համալիրի աշխատակիցներ Անուշ Ղարագյոզյանի և Սամվել Ալեքսանյանի անուններով, այնուհետև կարճ ժամանակ անց այն սեփականաշնորհել է իր տղա Կարեն Խաչատրյանի անունով: Շինություններով հանդերձ այդ տարածքի իրական արժեքը կազմում է 25-30 միլիոն դրամ: Անօրինական և կեղծ գործարքի շտապ կարգով ձևակերպման միակ նպատակը եղել է այն հետագայում տասնապատիկ բարձր գներով վաճառելու համալիրի նոր սեփականատերերին»:
Մեր կատարած ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ իրականում տարածքները ի սկզբանե ձեռքբերել են Անուշ Ղարագյոզյանն ու Սամվել Ալեքսանյանը, եւ 2002 եւ 2005 թվականներին առք ու վաճառքի պայմանագրով՝ արդեն տվյալ տարածքների սեփականատեր է դարձել Կարեն Խաչատրյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Սուրիկ Խաչատրյանին Կարեն անունով որդի չունի: